ԵԼՔԵՐ ՓՆՏՐԵԼՈՎ՝ ԲԶԿՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
Ով քննություն կհանձնի ու ինչի համար

Նկատողություն է անում, որ նկատվի. նորաստեղծ քաղաքական ուժերին այս գործելաոճը բնորոշ է: Հատկապես նախընտրական շրջանում նկատվելու մարմաջը մեծանում է:
«Երկիր Ծիրանի»կուսակցության հիմնադիր ու ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկվանից ուշադրության կենտրոնում է: «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում Զարուհի Փոստանջյանը ցանկացել է լքել տաղավարն ու հեռանալ, քանզի չի ցանկացել այլևս պատասխանել «Ելք»դաշինքի մասին հարցերին:
Չմտնելով մատի ու մատանու արանքը՝ չխառնվելով հաղորդաշարի հաղորդավար Պետրոս Ղազարյանի և Զարուհի Փոստանջյանի կոնֆլիկտին, ուշադրություն դարձնենք մեկ այլ հանգամանքի վրա: Բանն այն է, որ Զարուհի Փոստանջյաննառիթը չի բաց թողնում՝ քննադատելու իշխանությանը, քիչ դոզայով՝ նաև ընդդիմությանը: Եթե Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մի քանի ընդդիմադիր ուժեր մասնակցեին ու դրանցից մեկն առավելություն ունենար մյուսների հանդեպ (ինչպես եղավ «Ծառուկյան» դաշինքի դեպքում, որի դեմ ԱԺ-ի ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը պայքարում էին), այդ մեկին քարկոծելն ինչ-որ կերպ հասկանալի կլիներ: Բայց ավագանու ընտրություններում դաշտն ազատ է: Պայքարում են «Երկիր Ծիրանի»-ն, «Ելք» դաշինքը՝ որպես ընդդիմադիր ուժեր, և իշխանական ՀՀԿ-ն:
Բայց արի ու տես, որ նորաստեղծ կուսակցության ղեկավարը փոխանակ քննադատության նետերն ուղղի դեպի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը, մայրաքաղաքում կուտակված անթիվ-անհամար հարցերը, կենտրոնացել է ընդդիմադիր գործընկերոջ վրա:
Թվում էր՝ գոնե երեկվանից «Ժելեզնայա լեդին», ինչպես նրան անվանեց նրա համակիրներից մեկը, պետք է անարձագանք թողներ «Ելք» դաշինքի մասին հրահրող հարցերին: Զարուհի Փոստանջյանն անդրդվելի է: Նա նորից հայտարարեց, որ դաշինքը «սպոնտան» ուժ է, պետք է հղկվի, դառնա մեկ միասնական ուժ: Ավելին, նախկին «Ժառանգականը» կարծում է, որ «Ելք»-ը դեռ պետք է քննություն հանձնի՝ մոռանալով, որ այն ընդամենը օրեր առաջ հանձնել է ամենակարևոր՝ վստահության քննությունը: Հանձնել է՝ այն էլ՝ մեծ հաջողությամբ:
Իհարկե, մահացու մեղք չէ գործընկերների մասին բացասական կարծիք հայտնելը, բայց եթե այդ կարծիքը ջուր է լցնում երրորդ ուժի ջրաղացին, որի պատճառով քանի տարի է՝ մայրաքաղաքային հիմնական հարցերը չեն լուծվում, Երևանի բյուջեն արդյունավետ չի տնօրինվում՝ անհասկանալի է:
Բացի այդ՝ «դաշինքը քննություն չի հանձնել» նախադասությունն անընկալելի է: Դաշինքի ջատագովը չլինելով՝ հանուն արդարության պետք է ասենք, որ ԱԺ-ի ընտրություններում փորձառու ՕԵԿ-ՀՎԿ-ը 5 տոկոսի շեմը չհաղթահարեց, իսկ նորաստեղծ դաշինքը 7 տոկոսի շեմը հաղթահարեց ու մտավ ԱԺ: Ու այսքանից հետո ի՞նչ քննության մասին է խոսքը: Ա՛յ՝ քննություն կհանձնի նորաստեղծ «Երկիր Ծիրանին» այս ընտրություններում, կճշտի, թե հանրության քանի ՞ տոկոսն է ընդունում Զարուհի Փոստանջյանին, նրա գաղափարները:
ՀԳ.Այս իրավիճակը հերթական ապացույցն է մերօրյա այն իրականության, որ ընդդիմությունը դեռ չի կարողանում մի կողմ դնել իր ամբիցիաները ու միավորվել հանուն ինչ-որ նպատակի: Ու բավական չէ, որ չի միավորվում, առանձին-առանձին սկսում են բզկտել զմիմյանս՝ չհասկանալով, որ այդկերպ հանրության շրջանում մեռցնում են նաև ընտրությունների կարևորության գիտակցումը՝ նպաստելով անտարբերության խորացմանը: ԵՎ, իհարկե, հավատի կորստին՝ ընդդիմություն ասածի հանդեպ: