Դոմինոյի էֆեկտ՝ Արցախում
Եթե առաջնագիծն ամուր է, ամուր է նաև թիկունքը
Ապրիլի 15-ին Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ, հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
Նիստն ուշագրավ է հատկապես այնքանով, որ Արցախի պաշտպանության նախարարը իր ենթականերից պահանջել է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ ներկայացնել իրենց հստակ տեսլականները՝ յուրաքանչյուրնիրբնագավառիմասին: Սա պատահական հայտարարություն չէ. Ավելին, նախկինում ոլորտների զարգացման տեսլականի պահանջ պաշտպանության նախարարը հրապարակավ չի հնչեցրել:
Իսկ տեսլական ներկայացնել նշանակում է նախ առարկայական պատկերացումներից բխող օրախնդիր անհրաժեշտությունները շարադրել. այդ թվում և ամենից առաջ թերությունները մատնանշել՝ դրանք վերացնելու ուղիների հետ մեկտեղ:
Լևոն Մնացականյանի հայտարարությունը ողջունելի է, քանի որ ապրիլյան պատերազմի, ապա անորակ դիզվառելիքի մասին ՀՀ և Արցախի վարչապետերի հայտարարություններից հետո բանակի հանդեպ առավել մեծացավ ուշադրությունը:: Հանրային դժգոհությունը, մի շարք հարցերի վերհանումը երկու պետությունների ղեկավարությանը ստիպեցին ոլորտի հանդեպ ավելի հոգատար ու պահանջկոտ լինել:
Ապրիլյան պատերազմից անցել է մեկ տարի: Ուրեմն, ինչո ՞վ է պայմանավորված Արցախի անվտանգության պատասխանուտի՝ տեսլականի պահանջը: «Արմատները», կարծում ենք, պետք է փնտրել Հայաստանի քաղաքական գործընթացներում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո գործադիրի ղեկավարը բյուջեի ամեն լումայի, իր խոսքով՝ «ջեբի լոբիների» համար հաշիվ պահանջել: Բնականաբար, սա Արցախի վրա չէր կարող չանդրադառնալ: Վերջին հաշվով՝ Հայաստանը նաև ֆինանսապես է աջակցում Արցախին՝ միջպետական վարկ տրամադրելով: Այնպես որ, ՀՀ տնտեսական կյանքում սկսված փոփոխությունները ու մանավանդ՝ հետևողականությունը դոմինոյի էֆեկտով կանդրադառնա հայկական երկրորդ պետության՝ Արցախի վրա ևս՝ նպաստելով նրա զարգացմանն ու առաջընթացին:
Եթե առաջնագիծն ամուր է, ամուր է նաև թիկունքը: Եթե առաջնագծի ապահովությունը նաև հայաստանաբնակների հոգու պարտքն է, տնտեսության զարգացման մտահոգությունը նույնպես ընդհանուր է: