ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԻՆ ՀԵՏԱՄՈՒՏ
Դժգոհ է իր կադրերից
«N հատ երջանկության բաղադրատոմս»՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այս արտահայտությունը սոցցանցերի մեր հայրենակիցները երեկ համարեցին օրվա խոսքը:
Գործադիր մարմնի ղեկավարի այս արտահայտությունը հնչել էր գյուղատնտնեսության նախարարությունում՝ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Իսկ վարչապետը նրանցից ևս պահանջել էր քափ ու քրտինքի մեջ կորած աշխատել՝ երկրի տնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու համար:
Վարչապետի օրվա խոսքը սրանով չէր ավարտվում:
-Որտեղի՞ց էէսպոլիտբյուրոյիմտածելակերպըձերմեջնստած,- զայրացած ասել էր վարչապետը:
Ու քանի որ հարցին այդպես էլ նախարարությունը չէր պատասխանել, փորձենք ինքներս այդ բացը լրացնել՝ հավանաբար, խորհրդային շրջանից,պրն վարչապետ, ինչպես նաև տարիներ շարունակ կիսատ-պռատ, պլան կատարելու, աթոռները պինդ-պինդ գրկած իմիտացիայով զբաղվելու մոտեցումից:
Կառավարության ղեկավարի այս հայտարարությունը ուշադրության է արժանի, քանի որ վարչապետն ըստ երևույթին, դժգոհ է իր նշանակած կադրերից՝ այս դեպքում գյուղնախարար Իգնատի Առաքելյանից: Չմոռանանք, որ կադրային փոփոխություններ Կարապետյանն արել է նախորդ տարվա աշնանը, այսինքն՝ ԱԺ-ի ընտրություններից մի քանի ամիս առաջ: ԵՎ իրավացիորեն մամուլը գրեց, որ վարչապետի նշանակած նախարարները ժամանակավոր են, եթե իրենց չարդարացնեն՝ adieu mon amour:
Կարեն Կարապետյանը նոր էր վերադարձել Հայաստան, պետական ապարատին այդքան էլ խորքային չէր տիրապետում, չգիտեր, թե ինչ ծանր բեռ իր վրա է դրվելու: Իսկ հիմա, երբ ԱԺ-ի ընտրությունները լակմուսի թղթի նման ցույց տվեցին, որ հանրությունը Կարապետյանից մեծ սպասելիքներ ունի, ինքն էլ ջանք ու եռանդ չի խնայում՝ այդ վստահությունը չկորցնելու: Ավելին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետը խոստովանեց, որ լավ կառավարիչներ է փնտրում:
Գյուղոլորտի պատասխանատուների հետ հանդիպման մյուս դրվագն այն էր, որ կառավարության ղեկավարը հստակ արձանագրեց՝ նախարարությունում շատ հարցեր ուղղակի կարգավորված չեն.
- Ինչո՞ւ առ այսօր հաշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում,և դրա դիմաց ինչ ենք կարողանում անել,- ասել էր վարչապետը:
Իհարկե, միանգամից գյուղատնտեսության ոլորտի թռիչք ակնկալելը հեքիարների ժանրից է՝ հաշվի առնելով այն ժառանգությունը, որը նախարարը ստացել է: Չանտեսենք նաև եղանակային անակնկալները, որոնք շատ հաճախ ջուրն են գցում ամբողջ տարվա աշխատանքն ու սպասումներն ու ողբալի վիճակն ավելի ցցուն դարձնում: Այնպես, որ Իգնատի Առաքելյանի ու մյուս նախարարների համար առաջիկա ժամանակաշրջանը փորձություն է լինելու: Կկարողանա՞ն վագրային թռիչքներով դուրս բերել երկիրն այս վիճակից՝ կշարունակեն պաշտոնավարել, այն էլ՝ ոչ թե վայելողի, այլ ամեն գյուղացու հետ տառապողի կարգավիճակով: Չե՞ն կարողանա, ուրեմն հրաժեշտ կտան իրենց պաշտոնին, իսկ նոր թեկնածուներն էլ պաշտոն ստանձնելուց առաջ, երևի, հաշվի կառնեն ա՛յս նախորդների փորձը: