«Սկանդալային» դեսպան Չարչօղլյանի վերջին փամփուշտը

ԴԵՍՊԱՆԸ ՏԱԿԱՎԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ՀՀԿ-ՀՅԴ «ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ»

Աթենքից ստացված այս նամակը Հայաստանի դեսպանների կասկածելի գործունեության հերթական հավաստիքներից է: Վերջին հաշվով և ընդհանրապես դեսպանը այլ պետությունում իր երկրի շահերի և ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչն է՝ բնականաբար զերծ կուսակցական կողմնկալությունից: Ինչպես նաև, ու մանավանդ սփյուռք ունեցող Հայաստանի պարագայում, չի կարող անտարբերության մատնել տվյալ պետությունում ժամանակորապես գտնվող կամ մշտական բնակություն հաստատած իր երկրի քաղաքացիներին: Մինչդեռ հունահայ համանքում (և հավանաբար՝ ոչ միայն հունահայ) հուզումներ է հրահրել Ֆադեյ Չարչօղլյանի դեսպանի կոչումին անհարիր իր միջամտությունները:
 
2016 թ.-ի ամռանը Հունաստան գործուղված, աղմկահարույց, դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ՀՀ դեսպանների այն ցուցակում է, որ հակառակ իր հերքումներին, զրկվելով դեսպանի պաշտոնից, մոտ օրերին տուն է կանչվելու։
 
Վերջին մեկ տարվա ընթացքում, հունահայ համայնքում դեսպանի կոչումին անհարիր իր միջամտություններով, Չարչօղլյանը խիստ քննադատության էր ենթարկվել համայնքի բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպությունների կողմից։ 
 
Թավշյա հեղափոխության օրերին, Չարչօղլյանը կոռուպցիոն համակարգը պաշտպանող ՀՀ Եվրոպայի դեսպանների առաջնագծում էր։ Նա անթաքույց սպառնում և ահաբեկում էր ՀՀ այն քաղաքացիներին՝ ովքեր ցանկանում էին մասնակցել Համաժողովրդային շարժմանը զորակցող երկու հաջորդական՝ ապրիլի 21-ին՝ Աթենքի կենտրոնական Սինդաղմա հրապարակում «ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆՔ» և ապա, մայիսի 8-ին՝ Հայոց Եղեռնի հուշարձանի մոտ, «ԺՈՂՈՎՐԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ»  նշանաբաններով համահավաքներին, որոնց զորակցում էին նաև Սոցիալ դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունները։
 
Չարչօղլյանը Երևան կանչվելու նախօրեին կատարում  է իր վերջին «սկանդալային» քայլը։ Դեսպանը երեկ, հունիսի 3-ին, Մայիսյան հերոսամարտերին նվիրված Ռամկավար կուսակցության միջոցառմանը ո՛չ անձամբ ներկայացավ, ո՛չ դեսպանատան այլ դիվանագետի ուղարկեց և ո՛չ էլ ողջույնի ինչ-որ պատգամ հղեց, մինչ, հունիսի 10-ին, տապալված «կառավարական կոալիցիայի» գործընկեր ՀՅԴ-ի կողմից նույն առիթով ծրագրված միջոցառմանը, ոչ միայն մասնակցելու է, այլ նաև պաշտոնապես ստանձնել է միջոցառումը հովանավորելու անհասկանալի պարտականությունը։
 
Համայնքում լարվածություն հրահրող այս քայլը, հունահայերը որակել են որպես դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի, Հայաստան վերադարձից առաջ, «վերջին փամփուշտը»։
 
«Հայաստան» լրատու ցանց
Աթենք, 4 հունիսի 2018 թ․