«Քարերը հավաքելու» ժամանակը
Մեզանում ստեղծված անարդարության մթնոլորտում մի դառը հումոր է ծնվել՝ ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում: Վերջին օրերին իրավիճակ է փոխվել, որի ամենատեսանելի ակնհայտումը մեղավորներին պատասխանատվության կանչելն է: Ասել է թե՝ եկել է իրենց իսկ նետած «քարերը» հավաքելու ժամանակը:
Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Ավան վարչական շրջանում արձանագրված անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երկու անձի ինքնություն՝ 1985թ. ծնված Է.Պետրոսյանը և Կ. Տոնոյանը երեկ ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Ավան վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած բռնությունների դեպքերի առթիվ Երևանի քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին՝ Աճառյան փողոցում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար։
Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին, և միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։