«Ելք»-ը չհարգեց «պատվիր մեծերիդ» սկզբունքը. ԱԻՄ ղեկավար

- Քաղաքացին իրեն բարոյական չպահեց, բայց նա պարտավորություններ ունի իր ընտանիքի, իր հիվանդ մոր հանդեպ,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Ըստ ԱԻՄ-ի ղեկավարի` քաղաքական գործիչները պետք է ճիշտ պահեին իրենց, հնարավորություն տային ժողովրդին ու հասկացնեին նրան, որ նա մենակ չի:
- Ընդդիմությունը պետք է միասնական գնար: Քաղաքացին տեսավ, որ միավորված չեն գնում, դրա համար արեց իր քայլը,- ասաց բանախոսը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՕՐՕ դաշինքի աջակից Ազատ Արշակյանն էլ չթաքցրեց համակրանքը հաղթած երկու քաղուժերի հանդեպ՝ նշելով, թե այս այլանդակության մեջ հաղթել է երկու ուժ` ՀՅԴ-ն ու «Ելք»-ը:

Պարույր Հայրիկյանի խոսքով` «Ելք»-ի խիստ մեկուսական կեցվածքը նպաստեց, որ ունենանք այս իրավիճակը:
- Ամենամեծ սկզբունքն ու պատգամը` պատվիր մեծերիդ: «Ելք»-ը դա չարեց, նրանք կարող էին 25-30% ունենալ, եթե միավորվեին,- նկատեց ԱԻՄ առաջնորդը, ում հակադարձելով՝ Ա. Արշակյանն ասաց.
-«Ելք»-ին բան մի ասեք: «Ելքը» հաղթել է, պետք շնորհավորել:
Պարույր Հայրիկյանն էլ, սակայն, նրա հետ համամիտ չէր՝
-Հաղթանակ բառը մի արժեզրկեք,- հակադարձեց Պարույր Հայրիկյանը: