Գտան ելքն ու մտան ԱԺ
ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ՝ ՁԱՅՆՆ ԱՍՏԾՈ

ԱԺ-ի ընտրություններն ավարտվեցին: Վերջնական տվյալների համաձայն` ԱԺ են անցել ՀՀԿ-Ն, «Ծառուկյան» դաշինքԸ, ՀՅԴ-Ն, «Ելք» դաշինքը: Ըստ էության, նախորդ ընտրությունների համեմատ` այս անգամ աղմկալի, արյունոտ տեսարանների ականատես չեղանք:
Արդարացի չենք լինի, եթե չմատնանշենք նաև վարչական ու ֆինանսական ռեսուրսներիի ճիշտ կիրառումը, որն էլ իր ազդեցությունն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա: Բայց, ինչպես ասում են, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը նպաստեց ընտրակաշառքի պահանջարկի մեծացմանը: Կար երկկողմանի պահանջարկ. Ընտրող կողմից կամեցողներ եղան, որ իրենց քվեի դիմաց վճարվեն : Այսինքն՝ կար պահանջարկ, կար առաջարկ: Այլ խնդիր է, որ տարեկան 2000 դրամով առաջիկա 5 տարիները վաճառած քաղաքացին այլևս բարոյական իրավունք չի՛ ունենալու՝ իր «ընտրյալին» կյանքը բարեփոխելու պահանջ ներկայացնել: Ասենք՝ էլ որտե՞ղ են գտնելու նրանց...
Երկրորդ գործոնը, որը տվեց իր դրական արդյունքը քվեների ապահովման համար, ռեյտինգային թեկնածուներն էին: Վատ, թե լավ, հարգանք, պատիվ, ֆինանսներ, համակիրների խմբեր ունենալով կամ հավաքագրելով՝ նրանք կուսակցությունների համար լրացուցիչ ձայներ ապահովեցին:
Երրորդ` իշխող կուսակցության ակնկալիքները արդարացան: Կարեն Կարապետյանի վրա դրված «ստավկան» աշխատեց: Հանրության մեծ մասը հավատաց դրսից եկած, պարզ ու անկեղծ արտահայտվող մեր հայրենակցին: Թե որքանով «դրայվ» սիրող վարչապետը կարդարացնի իրեն հավատացողների հույսերը՝ ցույց կտա առաջիկա 5 տարին:
Սակայն ԱԺ չանցած ուժերի պատկերն էլ է հետաքրքիր: Նրանցից երկուսը` ՀՎԿ-ն և ՕՐՕ-ի անդամները տարիներ շարունակ եղել են իշխանության կցորդ, ռեժիմի կարկառուն գործիչներ: Բայց կերակրատաշտից և մեծ հավակնություններից զրկվելով՝ դարձել էին թունդ ընդդիմադիր` մոռանալով, որ մարդիկ հիշողություն ունեն: Հետաքրքիր է, արտախորհրդարանական դառնալով, ի՞նր տեղ են զբաղեցնելու քաղաքական դաշտում:
Խորհրդարան չանցած մյուս ուժերից «Ազատ Դեմոկրատները» նախորդ անգամ ԱԺ մտավ այն ժամանակ հեղինակություն ունեցող «Ժառանգության» ամպհովանիով, բայց չաճեց այնքան, որ «կրկին փորձիր»-ը ինքնուրույն կատարեր: Իսկ ահա ՀԱԿ-ի մանդատ չստանալը իսկական «հակմեջ» արեց Տեր-Պետրոսյանի ու Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին երազողների պլանները: Արմատական տրամադրություններ ունեցողները գտան ելքը և հողատուների փոխարեն մանդատ տվեցին «Ելք»-ին: Չնայած՝ արդեն պնդողներ կան, թե այս քաղաքական ուժի ներկայությունը ձեռնտու է նաև ՀՀԿ-ին: Օրինակ, ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանն այսօր ասել է.
- Դե մեկը պետք է ԱԺ-ում թեկուզ ձևական քննադատի իշխանությանը:
Արդյո՞ք իրենց պարտությունն արդարացնող քննադատություններից բացի այլ անելիք կգտնեն ընդդիմադիրները... Մի բան, սակայն, հստակ է` 25 տարվա մեջ առաջին անգամ իրենց պարտությունն արձանագրած քաղաքական ուժերը խոստովանեցին` ձայն բազմաց՝ ձայնն Աստծո: