Բարեկամության նոր կամուրջ
ԿԼԻՆԻ՞ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՇԱՀԱՎԵՏ

Պարզվում է` առաջիկայում երկու չճանաչված պետությունների` Աբխազիայի եւ Արցախի ԱԳ նախարարները փոխգործակցության հուշագիր են ստորագրելու: Աբխազիայի կառավարությունը ցանկանում է Հայաստանի ու Արցախի հետ սերտ հարաբերություններ հաստատել, խթանել տնտեսական հարաբերությունները:
Այս և, ընդհանրապես, հայ-աբխազական հարաբերությունների մասին այսօր տեսակամուրջով խոսել են Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Լևոն Դաշյանը, Աշոտ Մինասյանը, Լևոն Գալուստյանը:
Աբխազիայի կառավարության ցանկությունը և ակնկալիքները կարելի է հասկանալ: 25 տարվա անկախ, տարանցիկ, պատերազմ հաղթած և Աբխազիայի համեմատ փոքր-ինչ ավելի զարգացած երկրի հետ համագործակցությունը երկուստեք կարող է շահավետ լինել: Ինչու չէ, հետագայում նաև պաշտոնական Սուխումիի կողմից՝ Արցախի, վերջինիս կողմից էլ Աբխազիայի անկախությունը ճանաչելը կարող է այս համագործակցության ցանկալի արդյունքը դանալ: Դա՝ հետագայում: Իսկ մինչ այդ՝ բարեկամական կամուրջ պիտի երկու երկրների միջև:
Աբխազիայի հետ հարաբերությունների հաստատումը նաև Հայաստանի շահերից է բխում: Հիշենք, որ «բարեկամ» Վրաստանը, տրվելով թուրք-ազերիական տնտեսական էքսպանսիային` հակահայկական քայլեր է անում թե՛ քաղաքական, թե; տնտեսական ասպարեզում: Վառ օրինակներ են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունները, հայկական եկեղեցիների վրացականացումը, Ջավախքի աստիճանական հայաթափումը...
Այնպես որ, հայ-աբխազական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում հակակշիռ կլինի Վրաստանին և թուրք-վրացական տանդեմին: Ուրեմն՝ ի գործ: