Կռիվ-կռիվ խաղալիս՝ ես էլ էի անում
Վաղարշակ Հարությունյանը` արցախյան խնդրի մասին

Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հակասական հայտարարությունները: Հոգլանդը վերջերս ասաց, որ Արցախի խնդրի լուծման հղկված պլան կա, իսկ Լավրովը հերքել էր այն:
- «Լավրովի պլան» գոյություն չունի: Ռուսաստանի համար անցանկալի է արցախյան պատերազմը: Եթե համանախագահներն ասեն, որ արցախյան խնդրի լուծման պլան չունեն, բանակցություններ չկան, ինչո՞ւ են նրանք աշխատում,- այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` արցախյան խնդրի մասին խոսելով:
Պաշտպանության նախկին նախարարից նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է առաջիկա տարիներին Մինսկի խմբի անդամ-պետությունները, հասկանալով և հոգնելով Հայաստանին ու Ադրբեջանին բանակցային սեղանին նստեցնելու անհույս ջանքերից, պատժամիջոցներ կիրառեն երկու պետությունների հանդեպ ու ստիպեն լուծում գտնել:
- Հայաստանի հանդեպ սանկցիա չեն կիրառի, իսկ Ադրբեջանի հանդեպ` հնարավոր է: Ինչո՞ւ պետք է Հայաստանի դեմ պատժամիջոց կիրառեն, եթե նա համաձայնել է զիջումների, մինչդեռ Ադրբեջանը չի ցանկանում դա անել,- վստահեցնում է նախկին պաշտոնյան:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն այնպիսի հզոր զենք ունի, որ ցույց չի տալիս՝ ի տարբերություն Հայաստանի, նախկին նախարարը հեգնեց.
- Նման մեթոդներ ժամանակին ինքս էլ էի անում, երբ բակում կռիվ-կռիվ էի խաղում:
Բանախոսը ծաղրեց նաև Ալիևի՝ հզոր, կործանարար զինատեսակ ձեռք բերելու մասին հայտարարությունը.
- Թող նման բաներ իր համագյուղացիներին պատմի: Մեր ունեցած «Իսկանդերն» ու «Սկատը» բավարար են՝ Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը ոչնչացնելու համար:
Նա ընդգծեց նաև, որ հենց ադրբեջանական մամուլում իրենց մասնագետներն ասում են, որ այդ զինատեսակները կիրառելու դեպքում Ադրբեջանի 2/3-ը ջրի տակ կանցնի: