Լքված տունն անտեր չի մնում

ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄՆԱ

Մեր պաշտոնյաները հաճախ են պարծենում, թե այս կամ  ձևով առաջ ենք հարևան երկրներից, թե մեզանից սովորելու ինչ-որ բան ունեն: Բայց արի ու տես, որ տարածքը հայրենիք դարձնող բնակչության թվի նվազմամբ առաջին տեղում ենք: Դա են փաստում ոչ միայն ամեն օր օտար ափերում ապրուստ որոնելու մեկնողների երամները, այլև արտերկրյա կազմակերպությունների՝ վերքի վրա աղ լցնող հայտարարությունները:
 
Այս անգամ խոսքը ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամեննտի տվյալների մասին է, ըստ որոնց՝ տասը տարվա ընթացքում ավելի քան 7.4 միլիոն օտարերկրացի է ԱՄՆ քաղաքացիություն ստացել։ 7.4 միլիոնից ավելի քան 27 հազարը Հայաստանում ծնվածներն են, 9.7 հազարը՝ վրացիներ, 8 հազարը՝ ադրբեջանցիներ:
 
Եթե Վրաստանի տվյալները կարող են փոքր-ինչ համոզիչ լինել, քանի որ մեր այս հարևանի տնտեսական ցուցանիշները Հայաստանից հուսադրող են, ապա Ադրբեջանի և Հայաստանի ցուցանիշների համեմատությունը մտահոգիչ է մեզ համար: Բռնատիրական ռեժիմում ապրող, Արցախի դեմ 2 անգամ   պատերազմ սկսած  ու պարտված պետությունից ավելի քիչ են արտագաղթում, քան մեր երկրից: 
Իհարկե, այս պարագայում մի մեծ վերապահում կա: օրինական ճանապարհով մեկնելու համար ընդունող երկրի բարեհաճությունն է կարևոր: Այսինքն, բնակության իրավունք տալու առումով՝ Միացյալ Նահանգները գուցեև նախապատվություն են տալիս հայերին: Իսկ ադրբեջանցիներին, օրինակ, պիտի որ ավելի հոգեհարազատ լինի իրենց հավատակիցներով լցված Եվրոպան:
 
Այսուհանդերձ՝ արտագաղթ կոչվող մարտահրավերը լուրջ սպառնալիք է, որն էլ հաղթահարել չենք կարողանում: 
 
Ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ վարչապետը ջանք չեն խնայում ամեն օր լավատեսական հույսեր ներարկել հանրությանը՝ ներդրումային ծրագրերի, նոր աշխատատեղերի ստեղծման, երեկ էլ՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարայնության մասին: Սակայն իշխանության հորդորները, փաստորեն, մեր քաղաքացիներին հետ չեն պահում արտագաղթելու գայթակղությունից: 
 
Ոմանք թորահավատորեն են վերաբերվում 2040թ-ի Հայաստանի բնակչությունը  4 միլիոն դարձնելու տեսլականին: Ներգաղթ ապահովելու և արտագաղթը կանխելու պարագայում դա այնքան էլ անիրականալի չէ: Բայց, լինելով գրեթե միատարր՝ գերազանցապես հայերով բնակեցված պետություն, մենք կարևոր մեկ այլ գործոն ենք անտեսում: Լքված տանը միշտ նոր բնակիչ կարող է հայտնվել՝ առանց նախկին տանտիրոջ կամքը հարցնելու: Ներդրողների համար գրավիչ դառնալով՝ Հայաստանը այլազգի բնակիչներ կարող է ունենալ: Դիցուք՝ Չինաստանն արդեն դպրոց է բացում այստեղ: Բնականաբար՝ ոչ թե հայերին չինական կրթություն տալու համար: Ստույգ հաշվարկներ պետք չեն՝ հասկանալու, որ իրենց երկրի գերխտությունն ապահովող այս ազգը նուն ջանադրությամբ շարունակելու է բազմանալ նաև Հայաստանում: Եվ՝ ո՛չ միայն չինացիները:
 
* * *
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարել է  ժողովրդագրական խնդիրները լուծող աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
 
- Որպես խորհրդարան՝ մենք ևս պետք է մասնակցություն ունենանք խնդրի վերհանմանը: Ուստի ես նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում: Եվ ցանկանում եմ կոչով դիմել մեր բոլոր գործընկերներին՝ անկախ կուսակցական և ֆրակցիոն պատկանելությունից, մաս կազմել աշխատանքային խմբին՝ եթե կա մասնագիտական հետաքրքրվածություն և նաև մտահոգություն: Նաև ցանկանում եմ կոչով դիմել փորձագետներին, ովքեր այս խնդրով են զբաղվում՝ ժողովրդագիրներ, ազգագրագետներ և այլն, ևս մաս կազմել այս աշխատանքային խմբին՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ հիմնախնդրի վերքաղաքական վերհանում, դիագնոզ և հնարավոր ուղիների փնտրտուք, որը կարող է բերել Հայաստանում խնդրի լուծմանը,- մանրամասնել է պատգամավորը:
 
Եթե այսպիսի հայտարարություն աներ կիսագրագետ ինչ-որ մականունավոր, կարելի էր զարմանալ, բայց Սամվել Ֆարմանյանի նման պատգամավորը, ով երբեմն-երբեմն ոչ հրապարակային զրույցներում ընդդիմադիր կեցվածքով է հանդես գալիս, հազիվ թե չիմանա ժողովրդագրական խնդիրների իրական պատճառները՝ անվստահությու վաղվա օրվա հանդեպ, փախուստ՝ իրենց արտոնյալ համարողների կամայականություններից և սոցիալ-տնտեսական աղետալի վիճակ: 
 
Փոքր-ինչ անհասկանալի է, թե աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ձևավորումը մեր ո՞ր դարդին ի՞նչ դարման է անելու: Այդ ի՞նչ պետք է առաջարկեն մասնագետները՝ համակարգային խնդիրը լուծելու համար: Առավելևս, որ աշխատանքային խումբը հասարակական հիմունքով է գործելու՝ անվճար: 
 
Ուրեմն, արդյոք ճիշտ չի՞ լինի, որ նման աշխատանքային խմբեր ստեղծելու, ներուժը դանայան տակառներ լցնել պես անօգուտ ինչ-որ քննարկումների փոխարեն՝ հանրօգուտ օրենսդիր ու գործադիր աշխատանքով զբաղվել՝ դրան մասնակից դարձնելով նաև հանրության շահագրգիռ, այս երկիրը իրենց գոյությամբ հայրենիք դարձնող հատվածին: Հակառակ դեպքում արտագաղթի  ցուցանիշները կավելանան, իսկ Հայաստանը այլոց հայրենիքը կդառնա: