Սփյուռքը դառնում է սպառնալիք

1in.am-Ը ԳՐԵԼ Է

Սարգիս ԱՐԾՐՈւՆԻ Քաղաքագետի հայացք
 
ՀՀ ԱԱԾ վերջին բացահայտումից հետո, թերևս արժե անդրադառնալ Սփյուռքին՝ մանավանդ, որ սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, որ արտերկրում ապրող հայությունից, ավելի շուտ` դրա տարբեր սեգմենտներից մարտահրավերներ են ուղղվում Հայաստանի կայունությանը, մեր երկրի անվտանգությանը: Հայաստանի և Սփյուռքի օրակարգերը ներդաշնակ չեն եղել դեռ համազգային շարժման տարիներին, երբ հայ ավանդական քաղաքական միտքը` դաշնակցած սովետահայ պալատական մտավորականության և կոմունիստական պրոպագանդայի հետ, պանթուրքիզմի սպառնալիքով ահաբեկում էր ազատության ճանապարհը բռնած Հայաստանի ժողովրդին: Դա իսկական գաղափարական, քարոզչական տեռոր էր` ավելի վտանգավոր, քան` Մոսկվայի արածը:
 
Հայաստանի անկախությանը հակադրվելու հարցում դաշնակից էին դարձել Մոսկվայի կոմունիստական իշխանությունն ու հայ ավանդական կուսակցությունները` հատկապես ՀՅԴ-ն: Համազգային շարժումը «կտրել» էր ոչ միայն կոմունիստական նոմենկլատուրայի, այլ նաև Դաշնակցության հացը, որը տասնամյակներ շարունակ Հայ դատը դարձրել էր իր քսակը լցնելու, Սփյուռքն «ընկերների» քմահաճության թիրախ դարձնելու միջոց: Երևանում ձևավորվում էր պետականաստեղծ, ռացիոնալ քաղաքական հոսանք` մարգինալ դարձնելով ուժերի, որոնք իրենց կենսագրության ամբողջ շրջանում իրական հայրենիքի գաղափարը ստորադասել են «Մեծ Հայաստանի» ցնորքին, պրագմատիզմը` կենացին:
 
Տնավեր այդ հոսանքը Երրորդ հանրապետության առաջին տարիներին իրեն դուրս էր զգում Հայաստանում որոշումներ կայացնելու գործընթացից, և պատահական չէ, որ երիտասարդ պետության դեմ առաջին ահաբեկչական գործողությունը` «Դրո»-ի գործը կապված էր ՀՅԴ-ի ու Սփյուռքի որոշակի շրջանակների հետ: Էլ ավելի պատահական չէ, որ տակավին վերջերս «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանը ՀՅԴ ղեկավարությանը մեղադրեց ռուսական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ: Ըստ Մնջոյանի տրամաբանության` «Դրո»-ի գործը հենց ՀՅԴ վերնախավի ու ռուսական հատուկ ծառայությունների «սիրային գրկախառնության» դրսևորում է:
 
«Դրո» ահաբեկչական ցանցը իսկական դիվերսիա էր մեր պետության, պատերազմի մեջ գտնվող, դեռ մինչև վերջ չձևավորված բանակի դեմ: «Ախպարական» հետք կար նաև «31»-ի գործում, որը դարձյալ կապվում է ՀՅԴ-ի անվան հետ: 1995-ին Վազգեն Սարգսյանի սպանությունը կանխվեց, չորս տարի հետո` հնարավոր չեղավ… Սփյուռքի հետ կապված` վիճակը հիմա ավելի ողբերգական է դարձել, որովհետև արտագաղթը ձևախեղել է ոչ միայն Հայաստանի սոցիալական պատկերը, այլ նաև որակապես փոխել է Սփյուռքը` այն դարձնելով իրական մարտահրավեր Հայաստանի անվտանգության համար:
 
Վերջին 25 տարիներին Հայաստանը լքածները դարձել են Սփյուռքում եղանակ ստեղծողներ` դուրս մղելով պետականաստեղծ փոքր սեգմենտին, Սփյուռքը դարձնելով ռադիկալ տրամադրությունների միջավայր: Հայաստանից գնացածների մի մասը «Սասնա ծռեր»-ի կողմնսկիցներն են, մյուսները` հակառակորդները, բայց նրանց միավորում է վայրի ռադիկալիզմը: Ուսումնասիրեք վերջին տարիների ահաբեկչության փորձերը. բոլոր խմբերում կամ Սփյուռքի ներկայացուցիչներ են, կամ` փողեր: «Սասնա ծռեր»-ի ոգեշնչողը` Ժիրայր Սեֆիլյանը, սփյուռքահայ է, «ծռությանն» ակտիվ խրախուսել են Սփյուռքից, մղել արկածախնդրության: «Նորք-Մարաշի» զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փողերը նույնպես` Սփյուռքի ծագում ունեն: Նույնը վերաբերում է Սամվել Բաբայանի գործին, որտեղ հստակ երևում են ռուսահայ ծագման փողեր: Էլ չենք խոսում ԱԱԾ-ի վերջին բացահայտման մասին, որի հիմնական «հերոսը» ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հայ է:
 
Ամերիկաներում տաք նստած որոշում են Հայաստանում ապրողների ապագան և դիսկոմֆորտ են զգում, որ օտարված են Հայաստանի որոշումների վրա ազդելու հնարավորությունից: Այս հարթության վրա էլ ծնվում են դավադիր մտադրություններն ու խմբերը, որոնց հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է, որը, անկախ իր բոլոր թերություններից, այսօրվա էլիտայում միակն է, որ ասոցացվում է այսօրվա հանրապետության, 88-ի շարժման հետ: Սփյուռքը` իր հնացած ու քյարթու մաքսիմալիզմով և նորացած մատղաշ ռադիկալիզմով դարձել է լուրջ սպառնալիք Հայաստանի անվտանգության համար: Համարժեք գործողություններ են պետք, քանի ստեղծված իրավիճակի ֆոնին «հյուսիսային քամին» հերթական ավերը չի գործել Հայաստանում: