Բաց քաղաք՝ միաստվածյան երեք կրոնների առջև
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ անպայման անակնկալ: Ավելի ճիշտ՝ նախագահ Թրամփն արդեն հատկանշված է նման չկշռադատված հայտարարություններ կատարելու կանխատեսելիությամբ: Զուգահեռ, նկատելի է նաև քաղաքականորեն, որ Թրամփի հայտարարությունները լարված կացություններ են ստեղծում, բայց հաճախ էլ անպայման չեն ապահովում քաղաքական հետևանքներ ու մնում են հայտարարողական առումով մթնոլորտ ստեղծելու և ոչ թե իրավիճակ փոխելու ուղղությամբ կտրուկ շրջադարձներ զգացնելու ծիրի մեջ:
Աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանի մեջ առանցք կազմած գլխավոր խաղացողների Մոսկվա-Թեհրան-Անկարա առանցքը դատապարտանքի դիրքորոշումով հանդես պիտի գար: Միացյալ Նահանգների նախագահի այս նորագույն հայտարարությունը հայտարարողական հարթության վրա նոր բաժանարար գիծ է ընկալվում տարբեր գերտերությունների միջև: Մինչ, տեղի ժողովուրդը կարող է այդ հարթությունից այն կողմ ավելի թանկ գին վճարել:
Հիմա կարելի է մտածել, որ Երուսաղեմի մասին կատարված այս հայտարարությունը ևս կդիտարկվի շղթայական այս հայտարարությունների շարքում: Անշուշտ չի կարելի հաստատել, որ տարածաշրջանի մեջ նոր սրացումներ և բախումներ կբացառվեն այս ձևով: Հիմա կմեկնարկեն Վաշինգտոնի այս քայլը ողջունողների կամ դատապարտողների հայտարարությունները:
Հասկանալի է, որ Երուսաղեմի կարգավիճակի ճշտումը համաշխարհային ուշադրության արժանացած խնդիր է: Առանց խորանալու տարբեր շահագրգռությունների շարժառիթների մեջ, փորձենք ընդգծել հայկական արձագանգների առանցքային բաժինները:
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցում քաղաքական տրամաբանությամբ հասկանալի է և հատկանշվում է հավասարակշռվածությամբ ու նրբությունների հարգումով: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Երուսաղեմի խնդիրը իսրայելա-պաղեստինյան բանակցությամբ լուծվելիք խնդիր է, որի մեջ շատ կարևոր է խաղաղ և կայուն ընթացքը.
- Երուսաղեմում առկա է բազմադարյան հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն: Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ կհետևենք Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին:
Ավելի քննական հայացքով՝ քաղաքական այս հայտարարությունը հանգում է այն եզրակացության, որ Երևանը առանց դիրքորոշվելու իսրայելյան-պաղեստինյան քաղաքային կարգավիճակի ճշտման հարցի մեջ, ըստ էության հայտնում է իր անհամաձայնությունը Միացյալ Նահանգների նախագահի կայացրած որոշմանը: Երբ ասվում է, որ խնդիրը հակամարտող կողմերի միջև պետք է համաձայնեցվի, նշանակում է, որ երրորդ կողմը չպետք է նման որոշում կայացնի:
Նման դիրքորոշում հրապարակելու հիմնավորումը ևս արդարացված է. այն իմաստով, որ հայկական պետությունը նախանձախնդրություն է ցույց տալիս՝ պահպանելու բազմադարյա հայկական ներկայությունն ու հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Տեղական հանգամանքների նկատառումով զուտ հայկական թաղամասերի իրավիճակի մասին պարզաբանումներ է տալիս Երուսաղեմի պատրիարքության բանբերը: Մինչ, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. վեհափառ հայրապետն ուղղակի մերժում է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը՝ այն նկատելով միջազգային օրենքի, արդարության և պատմական իրողությանը հակադրվող քայլ: Այս կեցվածքը օրինաչափ է նաև համաքրիստոնեական հայեցակետով՝ Երուսաղեմը պետք է շարունակի մնալ բաց քաղաք միաստվածյան երեք կրոնների առջև:
Աշխարհագրական տարբեր միջավայրերից եւ տարբեր պայմաններից հրապարակված հայկական արձագանգների միջև կա ընդհանուր համահնչեղություն: Կարևոր է վերընդգծել, որ Երուսաղեմում կա հայկական բազմադարյա ներկայություն, և այդ առումով համաշխարհային նշանակություն ունեցող քաղաքում գոյություն ունեն հայկական իրավունքներ:
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր