«Դիակը» կվերակենդանացնի «քնած դշխուհուն»
ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ՝ ԳԱԶԻ ՈՒ ԲԵՆԶԻՆԻ ՈԼՈՐՏՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է պնդել, որ գազի և բենզինի ոլորտի մասին սենսացիոն բացահայտումներ կանեն, եթե իրենց հնարավորություն տան ժամանակավոր կամ քննիչ հանձնաժողով ստեղծել: Պատրա՞ստ է դրան իշխանությունը, թե ոչ՝ պարզվեց ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցներում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ նման առաջարկ անողները հազիվ թե դրանից շահեն: Այդուհանդերձ՝ իշխանությունը սպասում է դաշինքի պատգամավորների առաջարկին:
Իսկ «Ծառուկյան»-ցիների պնդումը պատահական չէ, քանի որ իշխանությունը, ի դեմս ՊԵԿ-ի, շարունակում է ստուգումներն «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:
«Ծառուկյան» դաշինքի կոշտ քննադատություններից հետո հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն նորից նիստ հրավիրի և ստուգի դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարկերը: ՀՀԿ-ականի խոսքով՝ ինքը դեմ է որևէ մեկին առանձնացնելու և միայն նրա հարկերը ստուգելուն: Դաշտը հավասար պետք է լինի բոլորի համար.
- Ես ցանկություն չունեմ ուրիշի ունեցվածքը հաշվել, բայց մեր երկրում բոլորը պետք է լինեն հավասար:
Ճեպազրույցների ժամանակ հարց հնչեց «Ծառուկյան» խմբակցության ակտիվության և ՀՀԿ-ի պասիվության մասին, որը չպաշտպանեց վարչապետ Կարեն Կարապետյանին:
- Մենք որևէ քաղաքական ուժի ներքին գործերին չենք խառնվում, և դա ընդունելի չեմ համարում: Բյուջե է քննարկվում, և ընդդիմադիրները պետք է իրենց կեցվածքը դրսևորեն: Այլ խնդիր է, թե ինչքանով են օբյեկտիվ և օբյեկտիվ չեն,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին չպաշտպանելուն, Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե ինքը որևէ որևիցե բյուջեի քննարկում չի հիշում, որ վարչապետին պաշտպանող ելույթներ եղած լինեն.
- Նորից ենք ասում՝ այս բյուջեն իրատեսական է, որևէ ճոխ բան նկարագրված չէ: Սա հիմք է ստեղծում և հեռանկար՝ ապագա զարգացման համար: Բյուջեն ներկայացրել է կառավարությունը, դա թիմային բյուջե է:
Ի դեպ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր հայտարարել է, որ ՀՎԿ-ի հետ համագործակցության հուշագիր են ստորագրել: Դա նշանակում է, որ ՀՎԿ-ի անդամները կմասնակցեն Վանաձորի ավագանու նիստերին: «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՎԿ-ի այս քայլը որակել է որպես դիակի վերակենդանացման փորձ, իսկ ՀՀԿ-ին՝ քնած դշխուհի, որին ՀՎԿ-ն իր համբույրներով ուզում է ուշքի բերել: Վահրամ Բաղդասարյանը ուշագրավ պատասխան է տալիս.
- Բոյկոտները հավերժական չեն լինում: Համբերեք մինչև իրադարձությունների զարգացումը: Ինձ թվում է, որ նաև մյուս երկու քաղաքական ուժերը արդեն իսկ պետք է մասնակցեն ավագանու նիստերին:
ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», սակայն դեռ որևէ հայտարարություն չեն արել: