Հիմնադրամի նպատակն է աջակցել վերաինտեգրմանը հասարակությանը

«ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: Տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը:  Տղաներին պարզաբանվել է ծրագրի նպատակը, իրագործման մեթոդները և առաջիկա անելիքները: 
 
- Հիմնադրամի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալ֊տնտեսական վերաինտեգրմանը հասարակությանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Ծրագրի արդյունքում տղաները ձեռք են բերում կայուն եկամտի աղբյուր, մուտք են գործում աշխատաշուկա, սկսում զբաղվել բիզնեսով, ինչը նրանց թույլ է տալիս լինել ինքնաբավ,֊ նշել է ծրագրի ղեկավարը: 
 
Տղաներն իրենց առաջարկություններն են ներկայացրել հիմնադրամին՝ ծրագրի արդյունավետությունը և իրազեկումը բարձրացնելու նպատակով:
 
Հանդիպման ընթացքում տղաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, քննարկվել է դրանց լուծումները գտնելու ուղիները: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել  նմանատիպ քննարկումներ, ինչը թույլ կտա Հիմնադրամի վեր հանել պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների խնդիրները և ապագայում իր ծրագրերի միջոցով լուծումներ տալ դրանց: