Էրդողանը խիստ զգուշացվել է ԱՄՆ-ից, որ ձայնը կտրի. Թուրքագետ

Մինչև վերջերս Թուրքիան անընդհատ հոխորտալով էր խոսում Հայաստանի դեմ, այժմ հոխորտանքները դադարել են։ Հիմա, երբ Էրդողանը Հայաստանի մասին խոսում է՝ ինչպես թուրքերն են ասում, բերանից մեղր է ծորում։ Կարծում եմ, դա ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենի բարերար ազդեցությունն է նրա վրա։
 
«Փաստինֆոյի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Հակոբ ՉԱՔՐՅԱՆՆ՝ անդրադառնալով նախօրեին ԱՄՆ-ում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպմանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացին։
 
- Կարծում եմ՝ Էրդողանին զգուշացրել են, որովհետև դեռ 1991 թ-ին Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն էր որդեգրել, և այդ քաղաքականությունը մինչև օրս էլ շարունակվում է։ Բավական է հիշեցնել 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին։
 
Փորձագետի կարծիքով, Բայդենի իշխանության գալուց հետո հոխորտանքները դադարեցվել են։ «Կարծում եմ, Էրդողանը խիստ զգուշացվել է ԱՄՆ-ից, որ ձայնը կտրի, բացի այդ՝ ԱՄՆ-ի Սենատում էլ օրինագիծ գոյություն ունի Էրդողանի, նրա ընտանիքի բոլոր անդամների, մերձավոր շրջապատի, նաև այն զինվորականների նկատմամբ, որոնք մասնակցել են «Ս-400»-ի գնման աշխատանքներին։ Այսինքն, սենատում օրինագիծ գոյություն ունի, որը դեռ քննարկման չեն դնում, այսինքն դա «Դամոկլյան սրի» ազդեցություն է ունենում։
 
Կարծում եմ՝Էրդողանին նաև բավական հուզում է նաև այն, որ Ադրբեջանում Իսրայելն ավելի մեծ ազդեցություն ունի, քան ինքը»։
 
Դիտարկմանը, թե գետնի վրա ինչ առաջընթացի մասին կարելի է խոսել, եթե դեռ մի քանի տարի առաջ խոսվում հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների առջև բացելու մասին, մինչդեռ թուրքական կողմից անգամ շինարարական աշխատանքներ այդ հատվածում չեն կատարվում՝ Չաքրյանը պատասխանեց.
 
- Գիտեք, ավելի մեծ ցանցառություն ես չեմ պատկերացնում։ Հայաստանի հետ սկսում են հարաբերությունների նորմալացման գործընթաց, և փոխանակ ՀՀ քաղաքացիների առջև բացեն սահմանը՝ բացում են երրորդ երկրների առջև, ընդ որում՝ նշված չէ, թե ո՞ր երկրի համար է, Ռուսաստանի՞։ Կարծում եմ, դա նույնպես թշնամանքի մի մաս է, դա առաջընթաց չէ, խայտառակություն է։ Հայկական կողմը պետք է մերժեր այդ առաջարկը՝ շեշտելով, որ դա կոչվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթաց, ոչ թե Երրորդ երկրներ-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթաց։ Միևնույն ժամանակ, պետք է հիշեցնել Թուրքերին, որ իրենք ներգրավվել են 44-օրյա պատերազմին, անգամ՝ ահաբեկիչներ են ներգրավել»։
 
Անդրադառնալով հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ առկա «հարաբերությունների նորմալացում՝ առանց նախապայմանների» ձևակերպմանը, այն դեպքում, երբ դրանից ընդամենը ժամեր առաջ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից է կախված նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը՝ Չաքրյանն ասաց, որ ինքնին այս հայտարարությունն արդեն նախապայման է, ընդ որում՝ ամենևին էլ նոր նախապայման չէ․
 
- Թուրքիան մշտապես այդ նախապայմանը դնում էր ու հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից՝ դեռ 1991թ-ից։
 
Բայց նաև պետք է հաշվի առնել, որ իրականում հայ-թուրքական սահմանի բացումը շատ ավելի Թուրքիային է պետք, քան Հայաստանին։ Այդպիսով Թուրքիան անմիջական և ուղիղ կապ է ստանում Ադրբեջանի հետ, որտեղ դիրքերը ամրապնդելով կկարողանա իրականացնել իր վաղեմի ծրագիրը՝ ազդեցություն տարածել և ներթափանցել Մերձավոր Արևելքի թյուրքալեզու հանրապետություններ։ Սա թուրքական երազանքն է, որը միշտ եղել է։
 
Աղբյուր` Փաստինֆո