ԿԺԴՀ-ն շտապում է վերջակետ դնել 68 տարի առաջ սկսված պատերազմին

Մինչ Միացյալ Նահանգներն ու Իրանն արդեն նախագահների մակարդակով սպառնալիքներ են փոխանակում, Կորեական թերակղզում առաջին գիծ են բերել խաղաղության հարցերը: Դեռևս այս տարվա ապրիլյան վեհաժողովի ժամանակ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պայմանավորվել էին պաշտոնապես ավարտված հայտարարել Կորեական պատերազմը, որի թեժ ճակատները մոլեգնել են 1950-1953թթ.:
 
Հուլիսի 23-ին Հյուսիսային Կորեան իր հարավցի եղբայրներին ուղղված կոչ է հրապարակել, որտեղ հորդորում է առավել գործուն միջոցներ ձեռնարկել՝ պահ առաջ իրողություն դարձնելու Խաղաղության պայմանագրի կնքումը: ԿԺԴՀ կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հաղորդագրությունից երևում է, որ խաղաղություն կնքելը պատմական նշանակության առաջադրանք է, «որը վճռելն այլևս չի կարելի հետաձգել»: 
 
Հյուսիսկորեական մեկ այլ լրատվական գործակալություն՝ Arirang-Meari-ն, նույնպես կոչով հորդորելով է Սեուլին՝ «իր ավանդը ներդնել» կորեական պատերազմի ավարտման ախատանքներին: 
 
- Բարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունն իմաստը կկորցնի, եթե Հարավային Կորեայի կառավարությունն անգործ նստի,- նշել են հոդվածի հեղինակները: 
 
Ինչպես երևում է՝ Փհենյանը շտապում է հնարավորինս շուտ վերջ տալ նույն ազգի երկու հատվածների միջև տասնամյակներով ձգվող պատերազմին ու տարաձայնություններին: Նա այդ հարցում հապաղելու համար անգամ ԱՄՆ-ին է մեղադրում: Հուլիսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ Փհենյանում տեղի ունեցած բանակցություններից ելնելով՝ ԿԺԴՀ ԱԳՆ-ն նշել է, թե  Կորեական թերակղզում խաղաղություն ապահովելու նպատակով Վաշինգտոնը բավարար ջանքեր չի գործադրում: 
 
Հարավային Կորեան նույնպես խոսքով կողմ է խաղաղության ամրագրմանը: Այս պետության Միացման նախարարությունը հաստատել է, որ մտադրություն կա կորեական պատերազմի ավարտը հայտարարել այս տարի: Նաև խոստացել են դրա վերաբերյալ խորհրդակցել ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի հետ՝ ճշտելու համար, թե երբ և որտեղ է դա արվելու: