Նոր սահմանադրությամբ «յո՞ երթաս», Կուբա

Կուբայում Ֆիդել Կաստրոյի գրեթե 6 տասնամյակ տևած դարաշրջանն ավարտվեց երկու տարի առաջ, և այժմ երկիրը պետք է զարգացման իր ուղին հստակեցնի: Այդ նպատակով այնտեղ արդեն սկսել են նոր սահմանադրության քննարկումները: Ըստ պետխորհրդի քարտուղար Օմերո Ակոստայի` նոր հիմնական օրենքում ամրագրվելու են երկրի տնտեսական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները:

Նախատեսվում է, որ Ժողովրդական իշխանության միապալատ խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ պետք է այդ հարցը քննարկվի, տեղի է ունենալու Հավանայի Համագումարների պալատում և հեռարձակվելու է կուբայական հեռուստատեսությանբ: Քննարկումը հավանաբար կտևի երեք օր: Պատգամավորների համաձայնությունից հետո փաստաթուղթը կդրվի հանրաքվեի: Նախատեսվում է դա անել մինչև տարեվերջ:

-Նոր սահմանադրությամբ հաստատվում են մեր քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգի սոցիալիստական բնույթը և կոմունիստական կուսակցության ղեկավար դերը,-խորհրդարանում Պետխորհրդի քարտուղար Օմերո Ակոստայի հնչեցրած խոսքերն է փոխանցել ՏԱՍՍ գործակալությունը:

Նա նաև ասել է, որ նոր հիմնական օրենքում ամրագրվելու են «երկրի տնտեսական ձևաչափում» վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները: Մասնավորապես, սահմանադրության մեջ ի հայտ կգա մի կետ, որով կճանաչվեն սեփականության նոր ձևերը, այդ թվում` մասնավոր: Այդուհանդերձ, կպահպանվի պետական սեփականությունը կարտադրության միջոցների նկատմամբ, իսկ տնտեսությունը կկրի ծրագրային բնույթ:

Բայց սա դեռ ամենը չէ: Ավելի վաղ  Կուբայի կոմկուսի կենտկոմի Granma լրագիրը հաղորդել էր, որ նոր սահմանադրությամբ երկիրը կունենա նախագահ` պետության գլխավորի գործառույթներով: Նա ընտրվելու է Ազգային ժողովի կողմից ոչ ավելի, քան իրար հաջորդող  երկու հնգամյա ժամկետով: Ուշագրավ է, որ այս բարձրագույն պետական պաշտոնում ժամկետի սահմանափակման մասին բազմիցս խոսել է Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոն, բայց մինչև այժմ դա օրենքով չի ամրագրվել: Ինքը` 87-ամյա Ռաուլ Կաստրոն, որ այս տարվա ապրիլին հրաժարական տվեց և մնաց սոսկ որպես Կոմկուսի առաջին քարտուղար, գլխավորում է նոր հիմնական օրենքի նախագծի պատրաստությամբ զբաղվող հանձնաժողովը:

Նոր սահմանադրությունը մի շատ էական փոփոխություն էլ է սահմանում. Կուբան կունենա վարչապետ, ով կգլխավորի նախարարների խորհուրդը: Այսպիսով` «ազատության կղզում» պետության և կառավարության ղեկավարումն այլևս նույն անձի ձեռքին չի կենտրոնանա: 
Սահմանադրությունը, որը Կուբայում այժմ գործում է, ընդունվել է 1976թ., երբ երկիրը ղեկավարում էր Ֆիդել Կաստրոն (1926-2016թթ.):

Այս ամենից, թերևս, կարելի է եզրակացնել, որ Կուբան փորձում է քայլել աշխարհում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությամբ, սակայն նաև հաշվի է առնում այսպես կոչված սոցիալիստական ճամբարի փլուզման փորձը և ցանկանում է խուսափել դրա փլատակների տակ մնացած երկրների կրած վնասներից: Չէ՞ որ «զարգացած սոցիալիզմից» մեկ օրում անցում կատարելով դեպի վայրի կապիտալիզմ` նրանցից շատերը խրվեցին խոր ճահճի մեջ, որտեղից դուրս գալու ելքեր առայժմ չեն երևում: