Դոնալդ Թրամփը բողոքել է «ստախոս ԶԼՄ-ներից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թուիթերի» իր էջում նոր գրառում է արել՝ բողոքելով «ստախոս ԶԼՄ-ներից»:
 
Այս շաբաթվա սկզբին Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպման քննարկումները համաշխարհային լրատվամիջոցների էջերից չեն իջնում, իսկ ամերիկացի շատ գործիչներ ու լրատվամիջոցներ Թրամփին քննադատում են, թե  Ռուսաստանի նախագահի հետ հարկ եղած խստությամբ չի խոսել:
 
Թրամփի կարծիքով՝ «ստախոս ԶԼՄ-ների» ուզածը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտություն տեսնելն է, ինչպես նաև ատելությամբ են վերաբերվում այն փաստին, որ հնարավոր է՝ ինքը Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններ ունենա: 
 
- Ստախոս ԶԼՄ-ները շատ են ուզում զանգվածային հակամարտություն տեսնել Ռուսաստանի հետ, անգամ այնպիսի հակամարտություն, որը կարող է հանգեցնել պատերազմի: Նրանք այնքան անմիտ կերպով են ճնշում գործադրում ու նաև ատելությամբ են ընդունում այն փաստը, որ ես, հնարավոր է, լավ հարաբերություններ ունենամ Պուտինի հետ: Մեր գործերը շատ ավելի լավ են ընթանում, քան ցանկացված այլ երկրի հետ,- մասնավորապես գրել է Թրամփը: 
 
Իսկ ահա ԱՄՆ հանրապետական նախագահի դեմոկրատ հակառակորդները Թրամփ-Պուտին հանդիպման հնարավոր բերկրաթմբիրը ցրելու ավելի արդյունավետ միջոց են մտածել: Նյու-Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը մտադիր է մոտ օրերս խորհրդարան ներկայացնել մի օրինագիծ, որը նախատեսում է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և նրա նկատմամբ նոր սահմանափոկումներ մտցնել: Այդ մասին Կոնգրեսի հուլիսի 19-ի նիստին հայտարարել է օրենդիրը:
 
- Մինչև այսօր մենք վերափոխիչ ջանքեր ենք գործադրել, սակայն նկատի ունենալով, որ այժմյան վարչակարգը պատրաստ է փնտրել ուղիներ, որը նրան հնարավորություն կտա շրջանցել օրենքը և խուսափել CAATSA օրենքի  պարտադիր դրույթները կատարելուց, մենք պետք է պատրաստ լինենք այն հարմարեցնելու այնպես, որպեսզի կարողանանք վերացնել դրա սողանցքները: Հենց այդ պատճառով էլ ես շուտով կներկայացնեմ համապարփակ օրինագիծ, որը ենթադրում է խստացնել ճնշումը վարչակարգի վրա, որպեսզի նա օրենքը գործարկի: Ինչպես նաև՝ որպեսզի ճնշում գործադրվի Ռուսաստանի վրա՝ ի պատասխան նրա հարձակողական պահվածքի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ,- ասել է Մենենդեսը:
 
Հիշեցնենք, որ CAATSA հապավումը նշանակում է՝ պատժամիջոցների օգնությամբ Ամերիկայի հակառակարդներին դիմակայել: Իսկ քանի դեռ Միացյալ Նահանգներում նման օրենք է գործում (ելնելով աշխարհում տիրող այսօրվա իրավիճակից՝ սա ամերիկյան ամենագործուն օրենքն է), երևի ո՛չ պետությունների ղեկավարների ուղիղ հանդիպումները, ո՛չ էլ անգամ նրանց անձնական համակրանքը (եթե նման բան հանկարծ ի հայտ գա) չեն կարող միջազգային հարաբերություններում էական բան փոխել: Մի բան, որը անհրաժեշտ է մեր մոլորակի վրա քաղաքակրթության շարունակելիությունն ապահովելու համար: