Թերեզա Մեյը սպառնում է արտահերթ ընտրություններով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որ Բրյուսելի հետ բանակցություններ է վարում Brexit-ի պայմանների վերաբերյալ, մյուս «ճակատով» էլ ստիպված է կոտրել բրիտանացի քաղաքական գործիչների դիմադրությունը:  «Թայմսի» հուլիսի 18-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ իր հետ չհամաձայնողներին նա սպառնացել է արտահերթ ընտրություններով:
 
Շատ ժամանակ չի անցել, ինչ Մեյի կառավարության երկու կարևորագույն նախարարներն իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին՝ դժգոհ լինելով Եվրամիության ղեկարավության հետ վարվող բանակցության արդյունքներից: Այս անգամ էլ Մեյը Brexit-ից հետո Լոնդոնի և Բրյուսելի տնտեսական հարաբերությունների զարգացման իր ծրագիրը, կարելի է ասել, պարտադրել է խորհրդարանին: Երբ հուլիսի 17-ին Համայնքների պալատում քվեարկության է դրվել առևտրային օրինագծում փոփոխություն անելու հարցը (որը ներկայացրել են Մեյի քննադատներ Սթիվեն Համոնդոմը և Նիկի Մորգանը), Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը սպառնացել է արտահերթ ընտրություններ նշանակել՝ եթե քվեարկության արդյունքն իրեն չգոհացնի: 
 
Մեյի սպառնալիքն ազդել է, և Ստորին պալատի պատգամավորները ձայների փոքր առավելությամբ մերժել են կառավարության ղեկավարի համար անցանկալի այդ փոփոխությունը: Օրենսդրական տվյալ փոփոխությանը դեմ է քվեարկել 307 պատգամավոր, կողմ՝ 301: 
 
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիության կազմից դուրս կհամարվի 2019թ. մարտի 29-ից, որից հետո վրա կհասնի մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը տևելիք անցումային փուլը: Իսկ մինչ այդ, ինչպես երևում է, Թերեզա Մեյին դեռևս շատ «ճակատամարտեր» են սպասում, որոնք կարող են մի լավ ցնցել համաշխարհային գործընթացներում կարևորագույն դեր ունեցող այս հզոր պետությունը: