Կատալոնիան նոր ղեկավար ունի

Իսպանիայի կազմում կատալոնական ինքնավարությունը անկախության վերածելու փորձը ինքնավար մարզի ղեկավար Կառլես Պուչդեմոնին զրկեց թե՛ պաշտոնից, թե՛ հայրենիք վերադառնալու հնարավորությունից:
 
Երեկվանից Կատալոնիայի կառավարությունը նոր ղեկավար ունի՝ Պուչդեմոնի զինակից Ժոակիմ Տորան. Կատալոնիայի կառավարության 131-րդ ղեկավարը Ժեներալիտետի պալատում պաշտոնն ստանձնել է հատուկ արարողությամբ:
 
Տորային այդ պաշտոնում նշանակել է Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, ինչը հաստատում է Տարածաշրջանային կառավարության պաշտոնական հանդեսում հրապարակված հրամանագիրը, որի տակ միապետի ստորագրությունն է: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ ելնելով նրանից, որ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի գործողությունը սահմանափակում է տարածաշրջանի ինքնակառավարումը՝ Կատալոնիայի նոր առաջնորդը գերադասել է կարճ ու զուսպ արարողությունը և սակավաթիվ մարդկանց է հրավիրել: Հանդիսավոր արարողությանը Իսպանիայի կառավարության անդամներ ներկա չեն եղել:
 
Ինչպես աշխարհի բոլոր նորանշանշակ կամ նորընտիր ղեկավարները՝ Տորան նույնպես խոստացել է իր պարտականությունները կատարել հավատարիմ կերպով և «նվիրված լինել Կատալոնիայի ժողովրդին, որին ներկայացնում է տարածաշրջանի խորհրդարանը»: Իսկ միապետին կամ Իսպանիայի Սահմանադրությունը ոչ մի խսքով չի հիշատակել: 
 
Պուչդեմոնի զինակիցն այժմ պետք  է նոր կառավարություն ձևավորի: Իսկ թե ինչպես կզարգանան ինքնավար մարզի և կենտրոնական իշխանությունների հարաբերությունները՝ ապագայում կերևա: Բայց այն հանգամանքը, որ Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի անկախության հանրաքվեն չճանաչեցին, իսկ նրա ղեկավարին տարագիր դարձրին, խոսում է այն մասին, որ զիջողը կատալոնական կողմն է լինելու: 
 
Համեմատելով 2017թ. տեղի ունեցած անկախության հանրաքվեների ելքերը՝ կարելի է ասել, որ Կատալոնիայի վիճակն առավել բարվոք է: Այնտեղ տուժողները միայն մի քանի քաղաքական գործիչներ եղան, իսկ քրդական հանրաքվեն ուղեկցվեց բախումներով, ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում քրդերի դիրքերի նվազմամբ ու կորուստներով, որոնց համատեքստում կարելի է դիտել նաև Աֆրինի իրադարձությունները: Թերևս նաև սրանով է Եվրոպան տարբերվում աշխարհի ուրիշ տարածաշրջաններից: