2018-ը կդառնա՞ համագործակցության տարի

Ամեն տարի Շվեյցարիայի Դավոս քաղաքում գումարվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, և հերթական 48-րդն ընթանում է այս օրերին:
 
Աշխարհի երկրների տնտեսությունների պատասխանատուներն ու ղեկավարները այնտեղ են գնում՝ թերևս ամեն մեկը մտածելով, թե ինչ օգուտ կարող է քաղել սեփական երկրի համար: Եվ եթե նույնիսկ այդ օգուտը հնարավոր է ստանալ՝ մեկ ուրիշին անդառնալի վնաս պատճառելով, դա էլ է ընդունելի: Եթե չասենք՝ գործելակերպ է շատերի համար:
 
Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն համաժողովի բացման իր խոսքում առաջարկել է այսօր մարդկության գլխին կախված ցնցումների և անկայունության այն վտանգները հաղթահարել համագործակցությամբ և ընդհանուր խնդիրներին լուծում տալ միասնական գործողություններով:
 
- Եթե մենք ցանկանում ենք առաջընթացի ուղիով շարժվել, ապա վստահ եմ, որ 2018թ. պետք է դառնա միջազգային համագործակցության և բազմակողմանիության տարի,- ասել է նա:
 
Բերսեն նաև ուշադրություն է հրավիրել ձգձգվող հակամարտությունների վրա, որոնք ապակայունացնում են բոլոր հասարակություններն ու տնտեսությունները:
 
Աշխարհի բոլոր երկրների համագործակցությունը՝ հանուն ընդհանուրի բարօրության, իհարկե, ամենալավ բանն է, որը կարող է տեղի ունենալ: Սակայն մեր օրերում դրա իրականացումը իսկական հրաշքի է նման: Իսկ հրաշքների գոյությունը չբացառելով՝ իրատեսությունը կորցնելն էլ կարող է աղետաբեր լինել: 
 
Եթե Դավոսում հավաքված բարձրաստիճան անձինք, որոնք աշխարհի ամենատարբեր երկրներն են ներկայացնում, իրատեսության գոնե մի փոքր նշույլ ունեն, պետք է որ Շվեյցարիայի նախագահի խոսքերը մի լավ ծանրութեթև անեն և անհապաղ սկսեն համագործակցության եզերեր փնտրել:
 
Չէ՞ որ եթե եղած գործելակերպը շարունակեն, հնարավոր է՝ Դավոսում հավաքվելու առիթներ այլևս չունենան: