ՄԱԿ-ը կօգնի Արֆինի բնակիչներին

ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Թուրքիան հիմա էլ փորձում է բռնի ուժով ոչնչացնել իրեն խանգարող քրդերին, ինչպես որ հարյուր տարի առաջ հայերի նկատմամբ վարվեց: Այն ժամանակ համաշխարհային պատերազմի թոհուբոհում «արևի տակ սեփական տեղն ապահովելու» մոլուցքով տարված խոշոր պետությունները միմիայն սեփական շահի մասին էին մտածում, իսկ մարդասիրական օգնության «հոգսը» մնացել էր սոսկ մի քանի անձնվեր անհատների ուսերին:
 
Քրդերի բախտը բերել է, որ հիմա ՄԱԿ-ի նման մի հզոր կառույց կա:
 
Միավորված ազգերի կազմակերպությունը նույնպես մտահոգված է սիրիական Արֆինում տեղի ունեցածով: Քաղաքականությունը, սակայն, ՄԱԿ-ականներին չի հետաքրքրում. ով ում կուզի և ով ում կարող է՝ թող հրետակոծի ու ռմբահարի, իր գործը միայն մարդասիրական օգնություն հասցնելն է:  
 
ՄԱԿ-ի գերագույն քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ մեծաքանակ մարդասիրական օգնություն կհասցվի Սիրիայի Արֆին քաղաքի բնակիչներին, ովքեր հայտնվել են թուրքական բանակի ռազմական գործողությունների գոտում: 
 
- Մենք մեծաքանակ կարգավորում ենք պատրաստում՝ կախված քաղաքացիական բնակչության կարիքներից… Երբ բախում է ընթանում, այնտեղ հասնելը շատ է դժվարանում: …Մենք մեծագույն ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին և Աֆրինի շրջանում տեղի ունեցող բախման վերաբերյալ ստացվող տեղեկություններից շատ անհանգստացած ենք,- լրագրողներին ասել է Դյուժարիկը: 
 
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Արֆինում 324.000 մարդ կա՝ ներառյալ ուրիշ շրջաններից եկած 126 հազար փախստականները:
 
- Քաղաքացիական բնակչության համար վտանգները մեծ են… Մենք շեշտում ենք խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական կառույցներին աջակցելու և միջազգային իրավունքները հարգելու անհրաժեշտությունը,- Դյուժարիկի խոսքերն է փոխանցել ռուսական ՌԻԱ-նովոստին: