Պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման թուրքական նախաձեռնությունը
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Արևելյան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի նախաձեռնությամբ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:
Անկարան այս հարցում գերաշխույժ վարքագիծ է դրսևորում: Այս հայտարարությունների առիթով կարելի է մտաբերել շարժառիթային մի քանի հանգամանքներ:
Նախ, բնականաբար՝ Անկարան պահը պիտի փորձեր լիարժեք շահարկել համաարաբական և այս դեպքում նույնիսկ համաիսլամական հարթությունների վրա հեղինակություն ամրագրելու:
Շրջանում, ի վերջո, Անկարայից ավելի Թել Ավիվին թշնամի այլ երկրներ ու պետություններ կան, որոնք Անկարայի օգտագործած հռետորաբանությունից և նախաձեռնողականությունից հետ են մնում։
Համակրանք, զորակցություն շահելու, բայց նաև հեղինակություն վերահաստատելու քաղաքական այս քայլը թիրախային տարբեր ուղղություններ ունի՝ սուննի զանգվածը, արաբական աշխարհը ընդհանրապես և, իհարկե, իսլամ զանգվածները:
Ներսաուդյան իրադարձությունները նկատի ունենալով և Ռիադի համեմատական թուլացման ժամանակները օգտագործելով՝ Անկարան այսպիսով շրջանցում է նաև Եգիպտոսը և նախ սուննի դավանանքին պատկանող զանգվածներին, ապա ընդհանրապես արաբական իսլամական աշխարհն ու ներքին սպառման շուկայի համար վաճառվող հարմար արտադրանքով է ներկայանում:
Բայց, բնականաբար, միայն դա չէ շարժառիթը: Այս դեպքում, հայտարարողական թիրախը որքան Թել Ավիվն է, նույնքան էլ՝ Վաշինգտոնը: Ի վերջո, որոշման հայտարարություն կատարողը ԱՄՆ-ի նախագահն է, որին հակաքայլ որոշումներ և համարժեք պատասխան քայլեր առնելու վճիռներ է հնչեցնում Թուրքիայի նախագահը:
Տարածաշրջանում բևեռացում առաջացրած Երուսաղեմի քաղաքային կարգավիճակի այս խնդրում Անկարան ուզում է խաղալ երկրորդ բևեռի դերը: Էրդողան ընդդեմ Թրամփ այս խաղում Էրդողանի արած քայլը հենվում է սակայն Մոսկվա-Թեհրան-Անկարա վերջին շրջանում դրսևորված ռազմաքաղաքական առանցքի վրա: Թեև իրար ոչնչացնելու ամբաստանություններով ոչ վաղ անցյալում հանդես եկած Թել Ավիվն ու Թեհրանը Անկարայի այս գերաշխույժ դրսևորումները չեն ցուցաբերում: Անկարայի՝ լարման տանող հռետորությունից հեռու է նաև Մոսկվան, որը միայն վերջերս շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնին՝ Պետերբուրգում ապահովական հարցերի հետ կապված կանխարգելման գործողության իրականացման օժանդակած լինելու փաստի առիթով:
Անշուշտ, Անկարայի այս մեղադրական շեշտերն ու ձեռնարկած հակաքայլերը միտումնավոր են և տեսանելիորեն բացատրվում են նշված հանգամանքներով:
Հայկական առումով ևս դիտարկելի կետեր կան այստեղ. նախ անմիջապես հիշենք, որ պաշտոնական Թեհրանը իսլամական երկրների համագործակցության կազմակերպությունից բխած հայտարարության առումով հրապարակել էր որոշ վերապահություններ: Նկատի ունենալով նաև Բաքվի ոչ աշխույժ դիրքորոշումը Երուսաղեմի գծով ստեղծված երկվությունում, նշմարվում է անմիջապես, որ Անկարան և Բաքուն այս հարցում չեն որդեգրել համահունչ դիրքորոշումներ: Բաքուն հատկանշվում էր վերջերս Թել Ավիվի նկատմամբ իր որդեգրած սերտ հարաբերություններով և ավելին՝ շեշտված ռազմական համագործակցությամբ:
Այս հանգույցների հետ, թեև ոչ ուղղակի, այնուամենայնիվ քաղաքական տրամաբանությամբ աղերս կարող է ունենալ նաև դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավարի և Իրանի մեջլիսի խոսնակի հանդիպման առիթով ադրբեջանական մամուլի շեշտված քննադատությունները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականության մասին:
Չմոռանանք, որ ադրբեջանական մամուլը ամբողջովին վերահսկվում է Բաքվի կենտրոնական իշխանությունների կողմից:
Այս բոլորով հանդերձ՝ դժվար թե Էրդողանի հրապարակային հայտարարությունը Արևելյան Երուսաղեմի կամ պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման առումով առարկայանա: Այս խնդիրը շարունակում է մաս կազմել իբրև գլխավոր թեմա՝ սկսված պարանաձգությանը: Առ այս պահը Անկարան և Թել Ավիվը ռազմավարական հատուկ գործընկերներ են: