Ինքնահաստատում՝ ատելության քարոզով ու ջղաձիգ ճղճղոցով

Հայության ուրվականը թուրքերին հանգիստ չի տալիս: Որ կողմը շրջվում են՝ իրենց անհաջողությունների մեղավորը հայերն են դուրս գալիս: Այժմ էլ պարզվել են, թե իբր Էրդողանի երբեմնի բարեկամ և այժմյան երդվյալ թշնամի Ֆեթուլահ Գյուլենը նույնպես հայերի հետ է համագործակցում: Այդ մասին խոսել է Վաշինգտոնում գործող «Թուրքական ժառանգություն» կազմակերպության նախագահ Ալի Չնարը: Ըստ նրա՝ ամերիկաբնակ այս թուրք միլիարդատիրոջ հիմնադրած ՖԵՏՕ կառույցը համագործակցում է հայկական սփյուռքի հետ:
 
Չնարն այլ բացատրություն չունի այն փաստի համար, որ ՖԵՏՕ-ն ԱՄՆ-ի օրենսդիր մարմիններում սատարում է այն բոլոր օրինագծերը, որոնք ուղղված են Թուրքիայի դեմ: Հիմնավորում չունի, բայց պնդում է, թե անգամ Հայոց ցեղասպանության հարցում է սերտորեն աշխատում հայկական սփյուռքի հետ, իբր նրան աջակցող կոնգրեսականների շնորհիվ է, որ Հայոց ցեղասպանության բանաձևին կողմնակից կոնգրեսականների թիվը 35-40-ից հասել է 106-ի: Իսկ այս ամենն այլ անուն չունի, քան դավաճանությունը: 
 
Չնարն այս ամենի մասին խոսել է թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: 
 
Դե, քանի որ ՖԵՏՕ-ն Թուրքիայում ահաբեկչական կառույց է հայտարարված, իսկ նրա հիմնադիր, իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը համարվում է մեկուկես տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հիմնական կազմակերպիչը, թերևս հայերի հետ համագործակցելու մեղադրանքը դիտվում է որպես ամենաազդեցիկը, որը միանգամից կվանի նրա բազմաթիվ համակիրներին: Թուրքական քարոզչության սովորական հնարք: Սեփական զավթողական, ցեղասպան, թալանչիական գործունեությունը իրեն թուրք համարող հանրության աչքից թաքցնելու միակ միջոցը սա է` սերնդեսերունդ ատելություն սերմանել ձեռքները գցած ամեն ինչի իրական տերերի հանդեպ և կեղծուպատիր քարոզչությամբ մարդկանց ուղեղները լվանալ:
 
Լվացած ուղեղից բացի՝ ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ մի քանի օր առաջ ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկի թոք-շոուի թուրք մասնակցի պահվածքին, երբ բռունցքներով հարձակվեց հայ բանախոսի վրա՝ մոլեգնած գոչելով՝ երբ ես խոսում եմ, դու լռիր: Լսո՞ւմ եք՝ թուրքն է խոսում, ուրեմն հայը պետք է լռի, իսկ նրանից հետո էլ հարկ կլինի լռեցնել մնացածներին: Երևի 1915թ. հնարավոր չէր եղել հային լռեցնել, երբ խոսել էր իր լեռների պես բարձր ու անդունդների նման խոր թեմաներից, դրա համար էլ փորձեցին լռեցնել ամենաանմարդկային միջոցներով: Իսկ ռուսական հեռուստաալիքի հյուրը հո չէ՞ր կարող բազմամիլիոնանոց հեռուստալսարանի առջև յաթաղան շողացնել: Մնում էր ջղաձիգ ճղճղոցով հաստատել, որ թուրքը մարդամեջ է մտել և իրեն տեր է զգում: 
 
Ճղճղոցը նույնպես ինքնահաստատման միջոց է, միայն թե այնքան տհաճ է ու ձանձրալի, որ դժվար թե մեծ լսարան գրավի: Իսկ այ, «Թուրքական ժառանգություն» կազմակերպության նախագահ Ալի Չնարը ավելի հաստատուն ճանապարհ է ընտրել՝ գյուլենականներին հայերի համակիր ցույց տալ և «դավաճանություն» բառի շնորհիվ ամենահայրենասեր թուրքը երևալ: Միայն անհասկանալի է մնում, թե թուրքական ժառանգություն ասելով՝ ի՞նչ նկատի ունի Չնարը՝ զավթողականությո՞ւնը, ցեղասպանությունն ու  թալանչիությո՞ւնը, թե այն ամենը, ինչը իր «հայրենիքին» բաժին է հասել՝ դրանք վարպետորեն գործադրելու հետևանքով: