«Աստղային պատերազմների» հերոսները Թուր կեծակիո՞վ են կռվում
Երեխաների երևակայությունը բոցավառելը թերևս ամենահեշտ գործն է, իսկ թե այժմ ինչով է հարկավոր այդ երևակայությունը լցնել` ամենադժվար ընտրությունն է: Որովհետև հիմա քանի՞ երեխայի կհամոզես, որ հանգիստ նստի ու քո կարդացած հիանալի հեքիաթը կամ մանկական բանաստեղծությունը լսի: Բոլորին գրավողը համացանցը ողողած ֆիլմերն ու տեսանյութերն են, որոնցում եթե անգամ գեղեցիկ հեքիաթ է էկրանավորված, միևնույն է` հատկապես շեշտված է դրա բովանդակության սարսափելի մասը:
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը գրավում է հատկապես «կռիվ-կռիվ» խաղի սիրահար պատանիներին: Երբ ԱՄՆ Տեխասի նահանգի Հալվեսթոնի բնակիչները կինոթատրոնում սպասել են ֆիլմի վերջին` «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» մասի սկսվելուն, նրանց համար նախապես մի տեսահոլովակ են ցուցադրել, որտեղ երկու տղեկ մենամարտում են ֆիլմի հերոսների լուսարձակ թրերով: Մի ականատեսի նկարահանած այդ տեսահոլովակում տղաները հագնված են ֆիլմի հերոսների նման` ներկայանալով որպես Լյուկ Սքայոուքեր և Կայլ Ռեն: Իսկ նյութը ներկայացնող 120.su պարբերականը մեկնաբանում է, թե նրանք երկուսն էլ, անշուշտ, ֆիլմը մեծագույն բավականությամբ են դիտել:
Այն, որ մարդկությանը (կամ մարդանմանններին) սպառնում է ոչնչացնող պատերազմ տիեզերքի տարբեր հատվածներում, այս պահին ընդամենը ֆանտաստիկ ժանրի շրջանակներում է առկա, միայն թե ոչ մի երաշխիք չկա, որ դա ոչ թե հիվանդագին երևակայության արդյունք է, այլ պարզապես մոլորակի ապագան: Հիշենք, օրինակ, ամերիկացի արձակագիր Մորգան Ռոբերթսոնի «Ապարդյուն ջանքեր կամ «Տիտանի» կործանումը» ստեղծագործությունը, որից ընդամենը 14 տարի անց հանրահայտ «Տիտանիկը» կործանվեց:
Եվ ընդհանրապես, գրական ստեղծագործությունում ու իրական դեպքում զարմանալի զուգադիպություննր են առկա:
Լույս արձակող թրերը, որոնցով մենամարտում են ֆիլմաշարի հերոսները, հայերիս ոչինչ չե՞ն հիշեցնում: Չէ՞ որ դրանք շատ նման են մեր էպոսի Թուր կեծակիին: Հնարավո՞ր է` նկարահանողները Թուր կեծակիի մասին գիտելիքներ են ունեցել և դրա նախատիպով են իրենց հերոսների ձեռքին նման թրեր դրել: Թեև եթե ուշադիր նայենք, այդ թրերն ընդամենը լույս են արձակում ու հեշտությամբ փակվում դաստակաչափ պատյանի մեջ, սակայն Սասնա տան զենքի զորությունը չունեն:
Ինչ մնում է Թուր կեծակիին, սա գուցե իրոք անհիշելի ժամանակներում մի հզոր զենք է եղել, որով աստղային պատերազմներ են վարվել: Բայց եթե այդպես է, ապա կասկած չկա, որ այն ժամանակ այդ պատերազմները մեր մոլորակը նետել են հետամնացության ու անապահովության անդունդը, որից դուրս գալու համար հազարամյակներով մաքառում ենք:
Եվ ուրեմն երեխաների երևակայությունը սարսափ պատկերներով ու դաժան պատերազմներով բորբոքելու փոխարեն լավ չէ՞ր լինի` բոցավառել պայծառ հույսերով, որոնք էլ իրականանալով` կդառնային մեր մոլորակի ապագան: