«Պուտինն իշխում է ավազակների խմբի օգնությամբ»
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
- Ինչպե՞ս պայքարել բռնապետության ներսում կոռուպցիայի դեմ՝ արտերկրից:
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ այս հարցն են քննարկել ԱՄՆ-ի Սենատում անցած Հելսինկյան հանձնաժողովի լսումների մասնակիցները:
Ծանոթանալով քննարկման ընթացքում հնչած կարծիքներին՝ ակամա խորանում են տագնապներն առ այն, որ հաճախ ժողովրդավարության «փաթեթավորմամբ»՝ բռնապետությունները շարունակում են իրենց հաղթարշավը՝ վտանգելով ոչ միայն իրենց ժողովուրդների ապագան և զարկ տալով կոռուպցիայի նորանոր դրսևորումների:
Ինչպես տեղեկանում ենք «Ամերիկայի Ձայն»-ի տարածած լրատվությունից՝ շախմատի աշխարհի չեմպիոն, Մարդու իրավունքների հիմնադրամի ղեկավար Գարրի Կասպարովի կարծիքով այսօրվա բռնապետություններն ունեն լուրջ թուլություն.
- Մեր օրերի բռնապետները ցանկանում են վայելել Արեւմուտքի շքեղությունները՝ հենց այն Արևմուտքի, որի դեմ նրանք պայքարում են քարոզչական նպատակներով:
Բռնապետություններում հանցավոր ճանապարհով մեծ կարողություն կուտակած մեծահարուստները թեև թալանում են իրենց սեփական երկիրը, հարստությունը ցանկանում են պահել Արևմուտքում՝ ավելացրել է Hermitage Capital ընկերության ղեկավար Բիլ Բրաուդերը, ում փաստաբան Սերգեյ Մագնիցկին շատերի կարծիքով՝ ապօրինի ազատազրկվեց, այնուհետեւ 2009-ին՝ սպանվեց Ռուսաստանում.
- Նրանք վախենում են, որ իրենց հափշտակած գումարները իրենցից կվերցնեն մյուսները, այդ պատճառով ցանկանում են գումարները պահել երկրներում, որտեղ գործում է օրենքն ու սեփականության իրավունքները, որտեղ նրանք իրենց ֆիզիկապես ապահով կզգան:
Սենատոր Շելդոն Ուայթհաուզի խոսքով, այս հարցում բռնապետությունների օլիգարխներին լուրջ աջակցություն են ցուցաբերում Արևմուտքի երկրների որոշ իրավաբաններ.
- Մեր իրավաբաններն ու այլ մասնագետներ օգնում են թաքցնել երրորդ երկրներից ապօրինի կուտակված հարստությունները այստեղ:
Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ սենատոր Ռոջեր Ուիքերը, ով Սերգեյ Մագնիցկիի մահվան մեջ մեղավոր ռուս պաշտոնյաների դեմ ընդունված պատժամիջոցների համահեղինակներից էր, նշել է, որ այսօրվա Ռուսաստանը լավագույնս կարելի է կլեպտոկրատիա՝ ավազակապետություն անվանել.
- Պուտինն իշխում է ավազակների խմբի օգնությամբ, ում հավատարմությունն ապահովված է ռուս ժողովրդից գողացված գումարների հոսքով: