Ո՞ւմ էր ձեռնտու մալթացի լրագրողի մահը
ԱՍԱՆԺԸ 20 000 ԵՎՐՈ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է ԽՈՍՏԱՑԵԼ
Աշխարհում ամեն օր է վերահաստատվում այն ճշմարտությունը, թե լրագրությունն ամենավտանգավոր զբաղմունքներից է: Շատ լրագրողներ իրենց գործն են դարձնում որոշակի ճշմարտություններ բացահայտելը, իսկ դա հաճախ աշխարհի հզորների կամ նրանց հետ Այդ պատճառով էլ ամեն տարի վիճակագրությունն առանձնացնում է անուններ, որոնց կրողները բռնության են ենթարկվել, կյանքից զրկվել՝ «մասնագիտական պարտքը կատարելիս»:
Արդեն հայտնի է նաև «Ադրբեջանական լվացքատան» հետ առնչվող բացահայտումների առաջին զոհը՝ «պանամական թղթածրարի» վերաբերյալ հրապարակումների հեղինակ Դաֆնի Քարուանա Գալիզիան: Նրա մեքենան բջջային հեռախոսից հեռակառավարման միջոցով պայթեցվել էր Մալթայի Բիդնիջա բնակավայրում:
Դեպքից ինը օր առաջ մալթացի 53-ամյա լրագրողուհին փաստաբանի հետ հանդիպում էր խնդրել, որպեսզի ձեռք բերած նոր նյութերի առնչությամբ նրանից խորհրդատվություն ստանար (հաղորդել է «Մալթան այսօր» պարբերականը): Իսկ դրանք նյութեր են, որոնք մերկացնում են Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսքատի ու նրա մերձավոր շրջապատի և Ադրբեջանի իշխանությունների կապերը օֆշորային ընկերությունների հետ:
Ուշագրավն այն է, որ թեև խնդրած հանդիպումը տեղի չի ունեցել, սակայն անհրաժեշտ տեղեկությունները փոխանցվել են փաստաբան Ռոբերտո Մոնտալտոյին, իսկ նա դրանք հրապարակել է:
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Մալթայում մի քանի հազար մարդ բողոքի գործողություն է կազմակերպել՝ նվիրված հաշվեհարդարի զոհ դարձած լրագրողի հիշատակին: Մասնակիցները իշխանություններին կոչ են արել դեպքի առիթով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, ոմանք էլ պահանջել են Մալթայի ոստիկանապետի հրաժարականը: (Տեղեկացրել է Times of Malta-ն):
Հաղորդվում է, որ Գալիզիայի մահվան հանգամանքները պարզելու նպատակով Մալթայի իշխանությունները աջակցության խնդրանքով դիմել են ամերիկյան, բրիտանական և նիդեռլանդական հատուկ կառույցներին:
Գործի բացայահայտմամբ հետաքրքված է նաև «Վիկիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժը. նա 20 000 եվրոյի չափով պարգևատրում է խոստացել դրա վերաբերյալ տեղեկություն տրամադրողին:
Իհարկե, դժվար չէ կռահել, թե այդ սպանությունն ովքեր են կազմակերպել:
Խնդիրն այստեղ, թերևս, լոկ համոզիչ հանցանշաններ ձեռք բերելն է: Հավանական էլ չէ, թե Միջերկրական ծովի կենտրոնական հատվածներում կորած այս փոքրիկ պետության «օֆշորասեր» իշխանությունները շահագրգռված են լրագրողի սպանության գործի բացահայտմամբ: Ադրբեջանը նրանց երևի մինչև կոկորդը լիացրել է նավթով ու խավիարով: Սակայն այն հանգամանքը, որ մալթացիները լրագրողուհու սպանությունը չեն մոռացել ու փորձում են արդարության հասնել, մխիթարական է: Որովհետև քանի դեռ նման սպանությունները պարտակվում են ու լռության մատնվում, դրանց և դրանք հրահրողների դեմն առնելու հեռանկարը չի երևում:
Լրագրող Գալիզիան իր գործն ավարտին չհասցրեց: Նրա հիշատակին նվիրված լավագույն գործողությունը, թերևս, կլինի «պանամական թղթածրարը» նորանոր նյութերով համալրելը, մինչև որ նրա մահը պատվիրողները պատասխան տան օրենքի ամբողջ խստությամբ: Ի՞նչ իմանաս, գուցե այս անգամ հաղթողն արդարությունը լինի: