Ճապոնիան պատրաստվում է Թրամփի այցին

ԴՐԱՆԻՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՆ ԿՓՈԽՎԻ՞

Ճապոնաիայի և ԱՄՆ-ի արդի հարաբերությունները թերևս վառ վկայությունն են այն ճշմարտության, թե չկան հավերժական թշնամիներ, կան միայն հավերժական շահեր: (Բնականաբար՝ այս «օրենքը» նույնպես առանց բացառության չէ, և հայերս դա մեր մաշկի վրա ենք զգում):
 
Ընդամենը 72 տարի է անցել ճապոնական երկու քաղաքների վրա ամերիկյան ատոմային ռմբահարությունից, իսկ այսօր ահա նույն ԱՄՆ-ն ու ճապոնիան ուս-ուսի են հանդես գալիս Հյուսիսասյին Կորեայի ատոմային սպառնալիքի դեմ: Ու ոչ միայն:
 
Նոյեմբերի 5-7-ը նախատեսվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Ճապոնիա: Այդ առիթով հայտարարություն է արել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
 
Nikkei թերթը գրում է, որ ԱՄՆ նախագահի այցի ժամանակ ճապոնական կողմը մտադիր է նրան բարձր մակարդակի ռազմավարական քառակողմ երկխոսություն առաջարկել Հնդկաստանի և Ավստրալիայի հետ: Իսկ երբ մեծ պետությունները երկխոսություն են սկսում, մեծամասամբ այն ուղղված է լինում մեկ այլ մեծ պետության դեմ: Պարզվում է՝ ճապոնական այս առաջարկի սլաքն ուղղված է տարածաշրջանում ավելի ու ավելի գործուն դարձող Չինասատանի և նրա «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնության դեմ:
 
- Մենք այնպիսի ժամանակաշրջան ենք ապրում, երբ Ճապոնիան նույնպես պարտավոր է դիվանագիտական ջանքեր գործադրել՝ գծելու ռազմավարական ընդարձակ պատկեր: Օվկիանոսում ազատություն ու թափանցիկություն ապահովելու համար, իհարկե, սեղանին կդրվեն անվտանգության ու տնտեսական հարցեր,- պարզաբանել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:
 
Հետագա տեքստից պարզ է դառնում, որ նա Մանիլայում օգոստոսյան հավաքի ժամանակ իր առաջարկն արդեն քննարկել է ԱՄՆ-ի և Ավստրալիայի իր գործընկերների հետ:
 
Ճապոնիան առայժմ առանձին երկրների հետ ռազմավարական երկխոսության տարբեր մակարդակներում է ներգրավված: Օրինակ առկա են եռակողմ հարաբերություններ ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ, երկկողմ` Մեծ Բրիտանիայի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ֆիլիպինների: Իսկ ահա Հնդկաստանը ՏԱՍՍ-ի ներկայացրած այս ցուցակում չկա:
Թրամփի Ճապոնիա այցի ընթացքում, անկասկած, գլխավոր տեղ է ունենալու Հյուսիսային Կրեայի հարցը: 
 
Ճապոնիայի այս նախաձեռնությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի նոր դասավորություն կստեղծի՞ արդյոք՝ ցույց կտա ժամանակը: Օրինակ, գուցե դա ԿԺԴՀ-ին ու Չինաստանին հուշի՝ միավորել հնարավորությունները: Իսկ Չինաստանի և Հնդկաստանի սահմանային որոշակի տարաձայնությունները դեռևս հիմք չի տալիս եզրակացնել, թե նրանք պետք է թշնամաբար տրամադրվեն: Բայց եթե ճապոնիայի վարչապետը Հնդկաստանի անունն էլ է ներառել իր քառակողմ նախագծում, ուրեմն մի բան գիտի: 
 
Ամեն դեպքում՝ Չինաստանի անօրինակ հզորացումը մեծ անհանգստություն է առաջացրել ոչ միայն իր տարածաշրջանում, և դա չի կարող առանց ծանր հակադարձություն շարունակվել: