«Լրտեսական կրքեր» ԱՄՆ-ի «վերին էշելոնում»
Պետությունների քաղաքական կյանքը կազմակերպվում է իշխանություն-ընդդիմություն ձևաչափով, ուստի զարմանալի չէ, որ դրանց ղեկավարները ժամանակ առ ժամանակ վարկաբեկիչ նյութերի թիրախ են դառնում:
Աշխարհը հիշում է, օրինակ, թե ինչպես էին ԱՄՆ նախագահներից մեկին փորձում վարկաբեկել՝ նրան մեղադրելով արտաամուսնական կապեր ունենալու համար: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ կապը հաստատվեց, նախագահն էլ ներողություն խնդրեց:
45-րդ նախագահ Թրամփի դեմ ուրիշ մեղադրանք է առաջ քաշվել՝ նրան մեղադրում են Ռուսաստանի հետ անընդունելի կապեր ունենալու համար: Ու առաջին հերթին՝ թե Ռուսաստանի միջամտության շնորհիվ է Թրամփը նախագահական ընտրություններում հաղթանակ տարել: Իսկ հաղթանակ է տարել իր հակառակորդ և երբեմնի առաջին տիկին Հիլարի Քլինթոնի նկատմամբ:
«Վաշինգտոն փոստը» վերհիշել է 2016թ. նախընտրական քարոզարշավը և նշել, որ Հիլարի Քլինթոնի շտաբը նյութեր է հավաքել ՌԴ-ի հետ Թրամփի ենթադրյալ կապերի վերաբերյալ:
Ըստ այդ հրապարակման՝ փաստաբան Մարկ Էլիասը, ով ներկայացրել է Քլինթոնի շտաբն ու Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն, 2016թ. ապրիլին Fusion GPS ընկերությանն առաջարկել է շարունակել Թրամփի մասին տեղեկությունների հավաքագրման աշխատանքը և օգնել է այն ֆինանսավորել: Այդ նպատակով Էլիասի Perkins Coie իրավաբանական ընկերությունը վարձել է ՀԴԲ-ի հետ կապեր ունեցող Քրիստոֆեր Սթիլին, ով բրիտանական հետախուզության նախկին աշխատակից է:
Հաղորդվում է, թե ԴԿԱԿ-ն արդեն հայտարարել է, որ կուսակցության այժմյան ղեկավարությունը մասնավոր հետաքննական ընկերության հետ կապ չունի։ Դե, իսկ Fusion GPS-ի հավաքագրած նյութերը Թրամփին վերաբերող գռեհիկ, չստուգված պնդումներ են պարունակում:
Այն, որ Թրամփին շարունակում են մեղադրել ՌԴ-ի հետ կապեր ունենալու համար և դրա շուրջը քաղաքական շոուներ բեմադրել, երևում է՝ պարզապես քաղաքական հակառակորդին վարկաբեկելու նպատակով չի արվում:
ԱՄՆ նախագահական քարոզարշավի ժամանակ խոսվում էր, որ եթե ընտրվողը Քլինթոնը լինի, Ռուսաստանի նկատմամբ ոչ մի զիջում չի անելու և փորձելու է հնարավորինս թուլացնել ՌԴ-ն: Իսկ Թրամփը, ենթադրվում էր, պակաս թշնամական վերաբերմունք է ունենալու:
Թվում է՝ Թրամփին Ռուսաստանի հետ կապրեր ունենալու համար մեղադրելը նույն նպատակն ունի. ընտրված նախագահին հարկադրել ՌԴ-ի նկատմամբ անզիջում դիրք գրավել, որպեսզի հանակարծ մեկը չասի, թե նա իսկապես աջակցություն է ստացել այդ երկրից: