Համարյա` առանց այլընտրանքի


Տարվա այս շրջանում օդերևութաբաններն ավելի ու ավելի են նմանվում քաղաքական գործիչներին: Հանրությունը նրանց նույնպես սկսում է չհատավալ, քանի որ օդի անասելիորեն բարձր ջերմաստիճանն ինքնին «մատնում» է իր չափը` ամառային շոգը հայտարարվածից հաստա°տ շատ ավելին է: Ինչ արած, ամեն մեկն իր գործն է անում` հաճախ նույնիսկ այնքան էլ չկարևորելով, թե հասարակությունը ինչպես կվերաբերվի դրան: Ահավասիկ «Մետելիցա» սրճարանում շուրջ մեկ տասնյակ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ շարունակում են Նախագահի միասնական թեկնածու փնտրել: Ամենայն հավանականությամբ սույն օպերացիայի գլխավոր կնքահայրը` Պարույր Հայրիկյանը, հաշվի է առել բոլոր հնարավոր սցենարների հավանականությունը, և համենայն դեպս առ այսօր սրճարանային հավաքները, շոշափելի հաջողություն չգրանցելով հանդերձ, դեռ շարունակական են մնում: Թերևս ձախողման մասին խոսելը մի փոքր վաղ է, որովհետև խնդրի շուրջ դինամիկ զարգացումների համար ժամանակ շատ կա. հանգամանք, որը նշված հավաքներին կարող է մի քանի ամսվա կյանք տալ: Հետաքրքիրն էլ հենց վերջնարդյունքն է` մասնակիորեն կամ ամբողջապես միավորվելու և կամ «ջերմորեն» բաժանվելու` Նախագահի ընտրություններում առանձին-առանձին «խաղալու» հեռանկարներով: Եվ որքան էլ տարբերակներից վերջինն ավելի տեսանելի լինի, միևնույն է, մեծ ու փոքր հավակնություններով ու հնարավորություններով Նախագահի թեկնածուները որքան շատ «մաղվեն», այնքան լավ: Հենց սա էլ կարող է դառնալ սրճարանային հավաքների գլխավոր ու գուցեև միակ ձեռքբերումը: Մյուս կողմից, սակայն, մասնակի միավորումն անգամ ոչինչ չի կարող փոխել, քանի որ արդեն իսկ ակնառու է ընդդիմության ձախողումն ամփոփող չափազանց խճողված պատկերը: Առաջիկա ընտրություններում ամենամեծ ներուժն ունեցող քաղաքական ուժը` ԱԺՄ-ն, սրճարանային հավաքներին չի հրավիրվում, և սա այն դեպքում, երբ ավելի վաղ այս կուսակցության դրոշի ներքո համախմբվելու պատրաստակամություն են հայտնել Արշակ Սադոյանն ու Շավարշ Քոչարյանը: Նախկին ԱԺՄ-ականների սույն քայլն իհարկե կարող էր հանդիսանալ Վ. Մանուկյանի թեկնածության շուրջ համախմբվելու գործընթացի մեկնարկը: Բայց, ինչպես միշտ, իրադարձությունները հայտնի սցենարով զարգացան: Որևէ մեկն ընդդիմությանը չի ստիպում ամեն գնով միավորվել, բայց արմատականներն ամեն ինչ անում են` ապացուցելու, որ չեն ուզում, չեն ուզում, չեն ուզում համախմբվել: Ուստիև բոլորովին էլ պատահական չէր ՀԺԿ-ն ներկայացնող Ռուզան Խաչատրյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե ընդդիմադիր տասնյակի հավաքները ձևական բնույթ ունեն: Ձևական, որովհետև վերևում ակնարկված ցանկալի վերջնարդյունքը` միավորումը, առաջին հերթին հենց ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարողանում պատկերացնել: Այսքանից հետո ավելի հիմնավոր է հնչում ՀՀՇ-ն ներկայացնող Դավիթ Շահնազարյանի այն կարծիքը, թե Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Եվ սրան հակադրվելու որևէ փաստարկ չունի ընդդիմությունը: