ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Չընդունելով հապճեպ եւ համակողմանի չուսումնասիրված որոշումների նախագծեր քննարկման ներկայացնելու գործելաոճը, ՀՀ վարչապետ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ կառավարության վերջին նիստում իբրեւ օրինակ բերել է ՀՀ կառավարության 2007թ. մարտի 22-ի «ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N 655-Ն որոշումը, որի արդյունքում միանգամից մի քանի հազար մարդ այլեւս չի կարող զբաղվել մինչ այդ իրականացրած գործունեությամբ: Ըստ վարչապետի, բոլոր որոշումների դեպքում, հատկապես` տնտեսությանը, գործարարությանը վերաբերող, պետք է մշտապես ղեկավարվել այն տրամաբանությամբ, որ խաղի կանոնները փոխվելու պարագայում, նախապես անհրաժեշտ է տեղեկացնել, որոշակի ժամկետ տալ այդ գործընթացի մասնակիցներին, ինչպես սովորաբար արվում է հարկերի դրույքաչափերի փոփոխության դեպքում, որն ամրագրված է նաեւ օրենքով: ՀՀ կառավարության 2007թ. մարտի 22-ի «ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N 655-Ն որոշման մեջ լրացում կատարելով, գործադիրն այն լրացրել է նոր կետով, ըստ որի մինչեւ 2008թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը նշված որոշմամբ հաստատված կարգին համապատաս խան պետք է ստանան լիցենզիաներ եւ ներդիր (ներդիրներ): Այս հարցի հետ կապված, Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարներին եւ հարկային ծառայությանը: Սերժ Սարգսյանը կառավարության նիստի օրակարգից հանել է Սեւանա լճի մակարդակի բարձրացումը դադարեցնելու վերաբերյալ վիճահարույց որոշման նախագիծը: Նա հանձնարարել է հանգամանորեն քննարկել նախագիծը շահագրգռված կազմակերպությունների եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի` Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ եւ կրկին այն ներկայացնել կառավարությանը: Նախագծի ընդունման դեպքում Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կդադարեցվի ծովի մակերեւույթից 1905 մետր բարձրության վրա, մինչդեռ նախկինում նախատեսված էր լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1908 մետր: Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն այս շաբաթ իր նիստում քննարկել է կառավարության որոշման նախագիծը եւ եզրակացրել, որ «ընդհանուր 1908 նիշը պետք է անվերապահորեն պահպանել»: