ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԹՆՋՈՒԿԸ. ԱՄՆ-ԻՐԱՆ


Ի պատասխան միջուկային ծրագրերի առնչությամբ ԱՄՆ-ի սպառնալիքներին և միջազգային հանրության ճնշումներին, Իրանի նախագահ Ահմեդինեջաթը հայտարարեց, թե ՄԱԿ-ի ընդունած ոչ մի բանաձև չի կարող Իրանին ստիպել հրաժարվել ուրանի հարստացումից: Այդ հայտարարությանը հետևեց ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի այցը Մերձավոր Արևելք` Իրանի դեմ ճակատ ստեղծելու նպատակով: Իրանը որոշակի հաջողություններ է գրանցել տարածաշրջանային քաղաքականության տարբեր ուղղություններում` արաբական պետություններ, Կենտրոնական Ասիա, Կովկաս: Եվ Իրանի կշիռը հաշվի առնելով, ակներև է դառնում, որ միայն Արևմուտքի երկրների հետ կոալիցիա կազմելը (ինչպես Իրաքի պարագայում էր) ԱՄՆ-ի համար բավարար չի լինի` Իրանին հնազանդեցնելու: Մյուս կողմից, չմոռանանք, որ աշխարհը կառավարվում է պետական, ինչպես նաև էներգետիկ շահերով, և շատ հարցեր որոշում է Նորին մեծություն սև ոսկին: Նավթ արտահանող արաբական պետությունները, թերևս, գոհ կլինեն կոմունիկացիոն էներգետիկ նախագծերից, ԱՄՆ-ի հովանու ներքո Իրանի երկարաժամկետ երաշխավորված մեկուսացումից: Այսպիսով, Մերձավոր Արևելք Քոնդոլիզա Ռայսի այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ: Ըստ այդմ, առաջինին ԱՄՆ-ը ռազմական աջակցություն կցուցաբերի 13 մլրդ, Իսրայելին` 30 մլրդ ԱՄՆ դոլարի արժողությամբ: Իրանի միջուկային ծրագրերի զարգացման տեմպերից կարելի է եզրակացնել, որ այդ երկիրն իրոք զգալի հաջողությունների է հասել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և չի բացառվում` մոտ ապագայում նա միջուկային համակարգ ստեղծի: Եվ որքան էլ ասվի, թե Իրանի միջուկային ծրագրերը զուտ էներգետիկ նպատակներ են հետապնդում, իրականում այդ երկիրը դատապարտված է միջուկային զենք ստեղծել: Նրա տնտեսական հնարավորությունները թերևս չներեն` տարածաշրջանի կտրվածքով` Թուրքիայից, Պակիստանից և Իսրայելից սպառազինութ յունների մրցավազքում հետ չմնալ: Ընդ որում, Ասիայի որոշ պետությունների` զանգվածային ոչնչացման զենք ունենալու պարագայում միջուկայինին Իրանի տիրապետելը նույնիսկ դրական կարող է դիտվել` տարածաշրջանում ուժերի հավասարակշռության, որ նույնն է, թե` խաղաղության ապահովման տեսակետից: Սակայն Միացյալ Նահանգների համար Իրանի միջուկային զենք ունենալու հիմնահարցը հիշյալ պրիզմայով լուծված կարող է համարվել միայն ամերիկյան վերահսկողության, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցներ Իսրայելի և Թուրքիայի անվտանգության իրական, կայուն երաշխիքների առկայության դեպքում: Իսկ այս երկու խնդիրների լուծումը Իրանի ներկա իշխանությունների հետ Սպիտակ տունը անհեռանկարային է համարում: Եվ հենց այս տեսանկյունից, կարծում ենք, պետք է դիտարկել իրանա-ամերիկյան ներկա հակասությունները, որոնք, ցավոք, չեն կարող չանդրադառնալ Իրանի անմիջական հարևան Հայաստանի վրա և տարատեսակ խնդիրներ չառաջացնել նրա համար: