«Միաբևեռ աշխարհի» ԱՄՆ ծրագիրը և Հայաստանը
Աշխարհագրական դիրքով պայմանավորված, Մերձավորարևելյան տարածաշրջանում ամենևին էլ փոքր չէ զբաղեցրած տարածքով փոքր Հայաստանի Հանրապետության` որպես աշխարհաքաղաքական գործոնի, նշանակությունը: Եվ բնական է, որ այդպիսին լինելով, Հայաստանը անմիջականորեն կրում է ԽՍՀՄ փլուզումից հետո «Միաբևեռ աշխարհի» ստեղծման ԱՄՆ գործուն ջանքերի ազդեցությունը: Աշխարհի միանձնյա կառավարիչը դառնալու Միացյալ Նահանգների հավակնությունների, թերևս, առաջին բացահայտ դրսևորումն, առանց ՄԱԿ-ի համաձայնության, ինքնիշխան Սերբիայի դեմ ռազմական միջամտությունն էր: Մարդու իրավունքների, ժողովրդավարության, միջազգային իրավունքի ջատագով ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ական դաշնակիցների հետ բացահայտ ագրեսիայի միջոցով Սերբիայից ուղղակի պոկեց նրա տարածքի մի մասը` Կոսովոն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ պետության տարածքային ամբողջականության խախտում: Իսկ այսօր միջազգային իրավունքի տեսակետից այդ անօրինականության հեղինակ և կատարող ԱՄՆ-ն խիստ անհանգստացած է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդրով: Հիշենք` ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, տարածքային ամբողջականության խախտում է ճանաչված այն դեպքը, երբ այս կամ այն պետությունն ագրեսիայի է ենթարկվում մեկ այլ պետության կամ պետությունների խմբի կողմից` ինչպես Հարավսլավիայի պարագայում էր: Մինչդեռ ղարաբաղյան հակամարտության խնդրում գործ ունենք արցախահայության ինքնորոշման հետ: Նկատենք` ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Կոսովոյի անկախացումը չի կարելի նախադեպ համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Միաբևեռ աշխարհի ոստիկանի դերին հավակնող գերտերության երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքականության տիպիկ օրինակ: Եվ այս պարագայում արդեն կարևոր չեն քարոզածդ ո°չ ժողովրդավարությունը, ո°չ միջազգային իրավունքը, ոչ էլ համամարդկային մյուս արժեքները: Գերական այստեղ միայն քո պետական շահն ու նպատակն է… Թերևս, Հարավսլավիայի հարցում ԱՄՆ կիրառած սկզբունքների կրկնության ուրվագիծն է նշմարվում Իրանի պարագայում: Ակնհայտ է, որ ամերիկա-իսրայելական բաղձալի երազների մասն է կազմում Իրանի քառատումը. Բելուջիստան, Հարավային Ադրբեջան, Քրդստան և բուն Իրան: Միաբևեռ աշխարհի ստեղծման եսակենտրոն քաղաքականության շրջանակներում է տեղավորվում նաև հայ-իրանական հարաբերություն ներին ԱՄՆ կողմից ուշադրությամբ հետևելը: Հուլիսին Երևանում գումարվեց հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այնուհետև Երևան այցելեց Իրանի արտգործնախարարը: Ի թիվս այլնի, օրակարգում է Մեղրիում նավթամշակման գործարանի, իրանական նավթը Մեղրի հասցնելու համար Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման խնդիրը: Հատկապես այս հարցերի արծարծումը, ինչպես երևում է, խիստ անհանգստացրել է ամերիկացիներին: Մինչև վերջերս Սպիտակ տունը ըմբռնումով էր վերաբերվում հայ-իրանական կապերին: Սակայն ԻԻՀ արտգործնախարարի հիշյալ այցից հետո ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հայտարարեց` Միացյալ Նահանգները չի ողջունում Իրանի հետ Հայաստանի համագործակցության խորացումը: Դիվանագիտական տերմինաբանությամբ` այս ձևակերպումը մեղմ և ըմբռնողականության դրսևորում չես համարի: Այն հրամայական շեշտադրում է պարունակում և ուղղակի կոշտ միջամտություն է երկու ինքնիշխան պետությունների գործերին: Սպիտակ տան անհանգստության պատճառը հասկանալի է: Իրանի հետ ռազմական բախման դեպքում (ինչն արդեն չի բացառվում) ԱՄՆ-ը և նրա հնարավոր դաշնակիցները չեն կարող ամբողջությամբ վերացնել Իրանի նավթային օբյեկտները: Դրանցից մեկը, ըստ էության, կհանդիսանա Մեղրիում կառուցվելիք նավթամշակ ման գործարանը: Իսկ Մեղրիին հարվածելը բացառվում է` Հայաստանում ռուսական ռազմաբազաների առկայության պատճառով: Իհարկե, ԱՄՆ-ը ջանք ու եռանդ չի խնայի` թուլացնելու, իսպառ վերացնելու Ռուսաստան-Չինաստան-Հայաստան-Իրան վեկտորը, որը մեծ խոչընդոտ է ամերիկահաճո Մերձավոր Արևելք և միաբևեռ աշխարհ ստեղծելու ճանապարհին: Իսկ պատկերացնելու համար, թե ինչպիսին կարող են լինել հիշյալ` ռազմաքաղաքական վեկտորի վերացման հետևանքները Հայաստանի համար, թերևս, բավարար է միայն հիշել չարչրկված «Գոբլի պլանի» մասին: