ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ. բարեբախտաբա°ր


Լռի°ր, կամ լռությունից ավելի լավ բան ասա ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ Յուրաքանչյուր վճռական թռիչքից հետո (այս դեպքում Աժ ընտրություններ) քաղաքական գործիչները հայտնվում են մի նոր իրավիճակում: Բնականաբար անհրաժեշտություն է առաջանում վերլուծել սեփական քայլերը և փնտրել առաջընթացի նոր ուղիներ: Ընդդիմադիր գործիչները կրած պարտության համար սովորաբար իրենցից բացի մեղադրում են բոլորին, և այդ թեմայով հարցազրույցներն ու բանավեճերը համեմում անձը քարկոծող և վիրավորող բառերով: Այնինչ, հենց բանավեճի ընթացքում է ի հայտ գալիս ճշմարտությունը, այդ ժամանակ է բացահայտվում մարդն իր նպատակներով և գործով: Հայ իրականությանը որքան էլ «խորթ» է քաղաքակիրթ բանավեճը, այնուամենայնիվ երբեմն կարելի է ակնդիր և ունկնդիր լինել դասական բանավեճի: Ինչպիսին վերջերս «Շանթ» հեռուստաեթերով հեռարձակվող ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի և ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի բանավեճն էր: Նախկին և ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների մտքերի պարզաբանման կերպն ու հիմնավորումները ինքնին փաստում են տարբեր ժամանակահատվածում պետության ղեկը տնօրինող քաղաքական ուժերի դերակատարության կարևորությունը: Արմեն Աշոտյանը բացառում է մոտ ապագայում ՀՀՇ-ի իշխանության վերադարձը, քանի որ «լիբերալ քաղաքական դաշտն իր ակտիվ դերակատարումներով վակուում է ապրում»: Մինչդեռ Արարատ Զուրաբյանն իրենց վերադարձը համարում է իրատեսական, որովհետև «Հայաստանում քաղաքականությունն այն մակարդակի վրա է, որ ոչ թե քաղաքական մոտեցումների ընդհանրությունն է որոշում վաղվա օրը, այն` պրոցեսները»: - Կարծում եմ, ՀՀՇ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Ներկայիս իշխանությունը չի գտել այն բանալին, որը հնարավորություն է տալիս տեսնել Հայաստանի վաղվա օրը,- համոզված է ՀՀՇ վարչության նախագահը: Քաղաքական դաշտում տեղաբաշխված իշխանական և ընդդիմադիր ուժերը ուշի-ուշով հետևում են մեկմեկու` փորձելով «գաղտնազերծել» միմյանց քայլերը: Իշխանության աչքից ու ականջից, բնականաբար, չվրիպեց «Մետելիցա» սրճարանում «7-ի ֆորմատի» հավաքի մանրամասները: - Եթե այդ 7-ի ֆորմատից որևէ բան դուրս չգա, ինչի հավանականությունն ինձ համար 95 % է, այդ ամենը պարզապես կարելի է համարել հերթական փորձ: Հակառակ դեպքում, ընտրված թեկնածուի հավանականությունն ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի` 1 տոկոս է, մեկ այլ թեկնածուի դեպքում` 4 տոկոս: Զրո տոկոս շանս եմ տալիս անգամ միասնական ընդդիմադիր թեկնածուի կանխավ ընտրությանը,- ասում է Արմեն Աշոտյանը: Ընդդիմության ներկայիս քայլերն, ըստ Արարատ Զուրաբյանի, ուղղված են ոչ այնքան ֆորմատի ձևավորմանը, որքան իրականության մեջ արմատական փոփոխությունների տանող ճանապարհի փնտրտուքին: Հայաստանի քաղաքական դաշտը ձևավորող 70 կուսակցություններից 40-ի մասին ժողովուրդն անտեղյակ է, իսկ մյուս կուսակցությունների լիդերների և նրանց գաղափարների հանդեպ հավատն ու վստահությունը կտրուկ նվազել են: Սակայն անհրաժեշտության դեպքում` - Իշխանությունը կվերարտադրվի, քնից կհանի ազդեցություն չունեցող որևէ մեկին, կառաջադրի և նույնիսկ կխթանի նրա ճանաչմանը որպես միասնական թեկնածու: Կարծում եմ, պետք է ստեղծել մի այնպիսի քաղաքական ծանրության կենտրոն, որը հնարավորություն կտա համախմբվել ժողովրդի կողմից ակնկալվող փոփոխություններն իրականացնելու ունակ թեկնածուի շուրջ,- ասում է Արարատ Զուրաբյանը: Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, հանրապետական Արմեն Աշոտյանի համոզմամբ, էապես չի փոխի ծանրակշիռ ՀՀԿ-ի մարտավարությունը. այն է` ժողովրդավարության ճանապարհով հաղթել Նախագահի ընտրություններում և ձևավորել իշխանական բուրգը (ՏԻՄ, ԱԺ և Նախագահի ընտրություններ), որը պետք է իրականացնի կառավարության և ՀՀԿ ծրագրերը: Տակտիկական առումով անշուշտ փոփոխություններ կլինեն` «կախված մրցակիցներից, քարոզչական այլևայլ խնդիրներից»: Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 20-րդ դարի խոշոր քաղաքական գործիչներից է, Արմեն Աշոտյանը կասկած չունի, սակայն. - Եկեք մի պահ զուգահեռ անցկացնենք Հայաստանի 1-ին նախագահի և Մեծ ֆուտբոլի աստղ Պելեի հնարավոր վերադարձի միջև: Պելեն, բնականաբար, չի կարող վերադառնալ և խաղալ նույն մակարդակով: Բայց Պելեն կարող է ձևավորել թիմ` նոր խաղացողներով: Գուցե ռազմավարության խնդիր կա այստեղ: Ես վստահ եմ, որ նույն խնդիրը կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում: ՀՀՇ-ի համար առաջին Նախագահի թեկնածության առաջադրումը կարծրացած որոշում չէ: Ընդդիմադիր ֆորմատի հնարավոր ձևավորման և ազդեցիկ թեկնածու ունենալու դեպքում Արարատ Զուրաբյանն իր թիմով կպաշտպանի նաև այլ թեկնածուի` «հրաժարվելով տվյալ պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանից: Կարևորը ստրատեգիական փոփոխություններ անցկացնելն է»: Հ. Գ. Ոչ թունավոր պարկուճներով, սակայն լուրջ և հիմնավոր տրամաբանությամբ հագեցած «մենամարտները» հասարակության համար կհստակեցնեն ապագա Նախագահի «դիմանկարը», որից կնվազի հերթական հիասթափության չափաբաժինը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ