Հյուրանոցները գնահատման ճանապարհին
Վերջին տարիներին հյուրանոցները սնկի պես աճեցին: Հյուրանոցային ցանցի զարգացումն իր հերթին տուրիզմ պիտի զարգացներ, տնտեսություն պիտի հզորացներ: Բայց իրականութ յունն այնքան էլ մոտ չէր ակնկալիքին. շատ հյուրանոցների դռները բացողներ պարզապես չկային: Նրանք, ովքեր այս կամ այն հյուրանոցով, ավելի ճիշտ, հյուրանոցի սպասարկման մակարդակով հրապուրված, պիտի ցանկանային օգտվել բարձրակարգ սպասարկումից, հիմնականում տեղեկացված չէին կամ վատ էին տեղեկացված այդ ամենին: Իսկ տեղեկացված լինելու դեպքում էլ սպասարկման որակի սահմանազատումները հստակ չէին, որպեսզի շրջագայության նպատակ ունեցող արտերկրացին կարողանար ընտրություն կատարել: Այս հաստատությունների ճակատին փակցված աստղերը, որոնց թիվը հյուրանոցատիրոջ ցանկությունից է կախված լինում, այսօր այլևս չեն կարող լինել սպասարկման որակի ցուցիչ, քանի դեռ պետությունը հյուրանոցին չի շնորհել որոշակի որակական չափանիշներով պայմանավորված աստղայնություն: Իսկ այդ չափանիշները բազմաթիվ են` տեղադրված աթոռների քանակից ու ջրամատակա րարման կենտրոնացված համակարգից` մինչև հաշմանդամների համար մուտքի մատչելիության պահանջը: Որակավորման կարգը սահմանում է նաև քաղաքաշինական բնույթի այլ պահանջներ, որոնք լրացնել շահագրգռված են իրենք` հյուրանոցատերերը: Եվ աստղերն էլ շարվում են ըստ այնմ, թե որքանով են բավարարված հյուրանոցների սպասարկման կարգում տեղ գտած պայմանները: Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից կարգի մեջ կատարված նոր փոփոխությունները սույն կարգի գործողության մեջ դրվելուց ի վեր` երեքամյա գործունեութ յան վերլուծության արդյունք են: Ըստ փոխնախարար Արա Պետրոսյանի` փոփոխությունները բխում են տնտեսվարող սուբյեկտների շահերից: Պետությունը նրանց առաջարկում է գործել նոր պահանջներով կարգավորված դաշտում` օգնելով դառնալ առավել հրապուրիչ: Այլ խոսքով` ձևավորվում են խաղի նոր կանոններ, որտեղ գլխավոր և գերիշխողը արդար մրցավարությունն է: Ա. Պետրոսյանի հավաստմամբ` այսօր բոլոր հյուրանոցներում ընթանում է ներդրումային ակտիվ գործընթաց: Այսինքն, տնտեսվարող սուբյեկտները ձգտում են իրենց օբյեկտներում սպասարկման մակարդակը համապատասխանեցնել աստղային չափանիշների` դրանք առավել մրցունակ դարձնելու մղումով: Իսկ որակավորված, ավելի ստույգ` գնահատված որակ ունեցող հյուրանոցները ընդամենը չորսն են. մյուսները գնահատվելու, որակավորվելու և աստղավորվելու ճանապարհին են: