Եկել է լրջանալու պահը


Կոմունիստական կուսակցության «պլանետար» գաղափարախոսությունը մեր երկրում սպառված չէ, այլապես Հայաստանի առաջադիմական կոմկուսը չինացիների կողմից լավագույնս կիրառվող նորացված սոցիալիզմի մոդելը չէր ցանկանա ներմուծել Հայաստան` սոցիալական արդարության հասարակարգի վերականգնման նպատակով: - Յուրաքանչյուր առողջ, պրոգրեսիվ մտածող մարդ ցանկանում է ապրել սոցիալապես արդար հասարակարգում, տնօրինել իր աշխատանքի արդյունքը, հասարակության մեջ լինել պաշտպանված. սա է մեր գաղափարախոսությունը,- ասում է ՀԱԿԿ քարտուղար Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆԸ: Արդյո՞ք հնարավոր է սոցիալիստական մոդելի և Հայաստանի ներկայիս ազատ շուկայական հարաբերությունների սինթեզը: Պարզվում է` Վ. Սաֆարյանն արդեն մշակել է խորհրդային տնտեսությանը վերադառնալու «երթուղին»: - Պետությունն աստիճանաբար պետք է մասնակցի տնտեսության բոլոր գործառույթներին: Անհրաժեշտ է ստեղծել առանձին նախարարություն, որը կզբաղվի արտաքին առևտրով և իր կապիտալը կտեղակայի մի որևէ բանկում: Պետությունն արդյունաբերողներին պետք է վարկավորի հնարավորինս ցածր տոկոսադրույքով (4-5 %): Այդ ճանապարհով մասնավորը պետության հետ դառնում է գործընկեր: Հարկավոր է զարգացնել երկրի տնտեսության հիմնական ճյուղը` արդյունաբերությունը: Հայաստանում Ծառուկյաններն ու Սուքիասյաններն ուզում են, որ իրենք դառնան պետության հիմնասյուները: Երբ նմաններին հնարավորություն է տրվում, նրանք ուզում են` միայն իրենք հարստանան: Այնինչ, հարկավոր է ուսումնասիրել նրանց ծախսերը և կարգավորել շահույթը: Վազգեն Սաֆարյանի համոզմամբ` եկել է լրջանալու, կառուցողական քայլեր կատարելու պահը: Առջևում Նախագահի ընտրություններն են, և եթե տրոհված կոմկուսները չմիանան և հանդես չգան միասնական թեկնածուով, ապա հասարակության մեջ նրանց վարկանիշը 0,62 %-ից չի բարձրանա: Իհարկե, սանդղակի այս նիշը ՀԿԿ-ինն է, որն ԱԺ ընտրություններին մասնակցեց միայնակ, քանի որ Ռուբեն Թովմասյանն իր կոշտ դիրքորոշմամբ մյուս կոմկուսների միավորման առաջարկը համարեց «անհեթեթություն»: - Իհարկե, ՀԿԿ-ն կհաշտվի այն իրողության հետ, որ իրենց ընտրազանգվածն իրոք նվազում է: Միավորման հարցում չեն կարող լինել անձային խնդիրներ, և որևէ կուսակցության քարտուղար չի կարող իրավունք վերապահել` իր անձնական ամբիցիաները բարձր դասելու կուսակցականների, շարքային կոմունիստների, ընդհանուր գործընթացի շահերից,- նշում է Վազգեն Սաֆարյանը: Եթե, այնուամենայնիվ, ՀԿԿ-ն շարունակի համառել, ապա կոմկուսների աշնանային համագումարում միավորումը կիրականացվի առանց ՀԿԿ-ի և այդ ժամանակ էլ կառաջադրվի միասնական թեկնածու, «այլապես մենք կաջակցենք այն թեկնածուին, որը կունենա սոցիալական արժեքներ կրող գաղափար»: - Ժողովուրդն ուզում է տեսնել նոր դեմքեր, լսել նոր խոսք: Իսկ մաշված սկավառակի նման պատեֆոնի վրա ճղճղոցով պտտվող մարդկանց ժամանակն անցել է:- Վազգեն Սաֆարյանը համոզված է, որ գալու է մի պահ, երբ պատրանքներից կուշտ ժողովուրդը այլևս չի ցանկանա հաշտվել առկա իրավիճակի հետ, իսկ «վերևներն» էլ կդժվարանան պահել այս իրավիճակը, ուստի` իրենց գաղափարն առաջարկելու և կիրառելու իսկը ժամանակն է: Դե, ինչ, ճտերը հաշվելուն սպասենք ևս մեկ ամիս:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ