ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


m ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատես չական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը նախագահում էր ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը: Նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին և համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների նկատառումներն ու առաջարկությունները: Նիստի վերջում որոշումներ կայացվեցին հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ և հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: m Կոսովոյի երկրամասում իրենց վերապահված խաղաղապահ առաջադրանքների կատարումը հայ զինծառայողների յոթերորդ հերթափոխը ստանձնեց ընթացիկ տարվա մայիսին: Կապիտան Մորիս Բարսեղյանի հրամանատարությամբ գործող դասակը ևս համալրեց հունական գումարտակը, որը գործում է Կոսովոյի ուժերի «Արևելք» բազմազգ ստորաբաժանման կազմում: Արտերկրյա առաքելությունը հայ խաղաղապահները իրականացնում են պատասխանատվությամբ և պարտքի բարձր գիտակցումով, պահպանում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները` ձգտելով արդարացնել ՀՀ ԶՈւ, ինչպես նաև տեղի հրամանատարության վստահությունը: Արդեն երրորդ տարին է, ինչ հունական գումարտակի պատասխանատվության գոտում հայ և հույն զինծառայողները առաջադրանքները կատարում են համատեղ` կրելով միևնույն համազգեստը: Նրանց կարելի է հանդիպել հսկիչ անցագրային կետերում կամ բնակավայրերում պարեկելիս, իսկ տարբեր երկրների զինված ուժերի պատկանելը հնարավոր է տարբերակել թևքանշաններով: Փոխգործունակ լինելու խնդիրը հայ խաղաղապահների առջև դրվում է հատկապես արագ արձագանքման ուժերի կազմում առաջադրանքներ կատարելիս, ինչպես նաև ամբոխի կառավարում կոչվող վարժանքների ժամանակ: Արձանագրվող հաջողություններում իրենց մասն ունեն, անշուշտ, նախորդ առաքելությունների փորձ ունեցող խաղաղապահները: m Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում 2007թ. շրջանավարտներին սկզբնական սպայական կոչման շնորհման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը , ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը: Ողջունելով հյուրերին, հանդիսության մասնակիցներին, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դ.Բալայանը նշեց, որ տարեցտարի որակական առաջընթաց է նկատվում, քանի որ ռազմաավիացիոն ինստիտուտի խնդիրն է պատրաստել որակյալ սպա: Նա հավաստիացրեց, որ իր սաները արժանապատվությամբ և պատվով կկատարեն զինվորական պարտականությունները` հավատարիմ մնալով տրված երդմանը: -Հպարտություն է մեզ համար, որ Արցախյան ազատամարտից սերված Հայկական բանակը շարունակվում է համալրվել մեր ազգային ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներով: Այս օրվա մասին երազել ենք բոլորս,- իր խոսքում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը` շնորհավորելով նորաթուխ սպաներին` ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ: Շարահրապարակում զինվորական քայլերթից անմիջապես հետո տեղի ունեցավ Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի 2007թ. շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխումը վիճակահանությամբ: Այսպիսով, ավարտվեց ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. շրջանավարտների` վիճակահանությամբ բաշխման գործընթացը: m Վաղը` օգոստոսի 9-ին Մայրաքաղաքային գնդում տեղի կունենա Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելությունն ավարտած 5-րդ հերթափոխի զինծառայողների խրախուսման հանդիսավոր արարողությունը: Առաքելության ընթացքում ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին պարգևներ կհանձնի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս. Օհանյանը: ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ m ԼՂՀ Պաշտպանության բանակի նորակոչիկ զինվոր, 23 - ամյա Համբարձում Մնացականի Ասատուրյանը, զորամասն ինքնակամ լքելով, անհայտ պայմաններում անցել է Ղարաբաղի պետական սահմանը և հանգրվանել ադրբեջանցիների մոտ: Ըստ եղած տվյալների, շարքային Համբարձում Ասատուրյանը հինգ տարի շարունակ խուսափել է զինվորական պարտադիր ծառայությունից և, միայն բերման ենթարկվելու ճանապարհով, ժամկետային ծառայության է անցել ս.թ. մայիսից: Զորամասի հրամանատարության կողմից շարքային Ասատուրյանը բնութագրվում է որպես դժվար դաստիարակվող զինվոր և ուներ ծառայությունից խուսափելու հակումներ: Անգամ` զինվորական երդման արարողությունից հետո դիմել է ինքնախեղման, որի համար գործ է հարուցվել զինդատախազության կողմից: Սահմանն անցնելու դեպքի կապակցությամբ տարվում է ծառայողական քննություն: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ