ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՏԻՎ Է


Հայոց բանակն արդեն իսկ կայացած կառույց է, սակայն դեռևս կան որոշ խնդիրներ` կապված նորակոչիկների շրջանում բանակային կյանքին հարմարվելու հետ: Որպես կանոն, երեք ամիս անց նրանց 70-80 %-ը հարմարվում է նոր պայմաններին և միայն 20 %-ն է դժվարանում, ինչն էլ դառնում է արտակարգ պատահարների հիմնական պատճառը: Ուստի նրանք առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն թե° հոգեբանների և թե° սպայակազմի կողմից: - Այն տղաները, ովքեր ընտանիքում միակն են կամ էլ ամենակրտսերն, ունեն որոշակի բարդույթ, քանի որ նրանք մի քիչ ավելի երեսառած են, ավելի սիրված և, բնականաբար, նոր պայմաններին հարմարվելու խնդիր ունեն,- ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը:- Ռազմական հոգեբանության խնդիրն է բանակին զինվորի ադապտացիան դարձնել սահուն: Դեռ դպրոցից պետք է պարզ լինի պատանու համար, թե բանակում ի՞նչ է սպասվում իրեն: Վաղ տարիքից պատանիների գիտակցության մեջ հարկավոր է սերմանել բանակում ծառայելու անխուսափելիության և ծագած խնդիրները սեփական ուժերով լուծելու գաղափարը: Զինծառայությունը պարտադիր է բոլոր տղաների համար` անկախ սոցիալական դիրքից: Պաշտոնյայի և շարքային քաղաքացու երեխաների միջև տարբերություն չպետք է լինի, այլապես արժեքների անկումն անխուսափելի է: Կան պատանիներ, ովքեր պարծենում են, թե այլևայլ պատճառներով ազատվել են ծառայությունից, սակայն դրանով ոտնահարվում է իրենց «տղայական արժանապատվությունը», որն այդ պահին իրենք չեն գիտակցում: - Եթե մարդը զգում է, որ անգամ մի փոքր հնարավորություն ունի շրջապատում սեփական դիրքը շեշտելու, փորձում է որդուն ազատել զինծառայությունից: Սա մեր անցումային շրջանի ամենաաչքի ընկնող արժեքների անկման օրինակն է, երբ կենցաղային մակարդակի բարձրացմանը զուգահեռ պատվաբեր է դառնում բանակում չծառայելը: Սա վտանգավոր երևույթ է և լուրջ պրոբլեմներից մեկը` հասարակություն-բանակ կապի համատեքստում: Վիրավորական և շատ վտանգավոր է, եթե հասարակության մեջ արմատավորվի «աղքատի բանակ» հասկացությունը,- հեռատեսորեն մտահոգվում է Դավիթ Ջամալյանը: Հոգեբանի համոզմամբ` Հայաստանին անհրաժեշտ է զորակոչային բանակ, որը պետք է գերակշռի պայմանագրային բանակին: Այլընտրանքային ծառայությունն, ինչպես այլ երկրներում, մեզանում նույնպես սահմանափակ է, և որևէ աղանդին հարող զինվորները չեն կարող ունենալ որոշակի արտոնություններ: - Երկու-երեք տարի առաջ աղանդավորների մի փոքրիկ խումբ ինչ-որ արտոնություններ էին պահանջում իրենց նկատմամբ: Իսկ ո՞ր մի պետության մեջ է այդպես: Ինչո՞ւ պետք է նրանք արտոնյալ լինեն մյուս զինվորների համեմատ: Սահմանը պահող 18 տարեկանն ինչո՞ւ պետք է թերի լինի ինչ-որ մեկից, որը լի է ցնորամտություններով, ինչն, ընդ որում, իր մեղքը չէ: Նա պարզապես դարձել է հոգեորսների զոհը: Ուրախալի է, որ այսպիսիների թիվը բանակում նվազագույնի է հասել: Նման զինվորները մեզ պետք չեն: Մեզ մարտունակ բանակ է պետք, մեր անկախությունը պաշտպանող բանակ, ինչպիսին ունենք:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ