Հազվագյուտ բարի ու խաղաղ


«Աշխարհի ամենաբարի մարդ». միշտ այսպես եմ ողջունում լրագրող, դերասան, ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ Գարիկ Ղազարյանին, և իր էությանը շահ հարիր համեստությամբ նա ժպտում է, շիկնում այնպես, որ մի պահ անգամ չես էլ կարող կասկածել նրա հոգու մաքրությանը, որից էլ հունցված ու շաղախված է նրա մարդկային ողջ ներաշխարհը, նրա` հազվագյուտ բարի, խաղաղ նկարագիրը: Քանի¯ տարի է` Գարիկ Ղազարյանն ապրում ու ստեղծագործում է մեր կողքին, արարում է գեղեցիկը, եթեր տալիս արվեստի, մշակույթի նվիրյալների մասին բազմաբովանդակ հաղորդումներ: Այնքա¯ն աննկատ, խաղաղ է աշխատում, որ երբեմն թվում է, թե ոչինչ էլ չի անում, բայց արդյունքը աչքդ, լսողությունդ ու հոգիդ է շոյում: Թատրոնն ու հեռուստատեսությունը այդպես էլ ի զորու չեղան ամբողջությամբ բացահայտել Գարիկի իրական ներուժը, տաղանդը, քանզի ինքն իրեն չկարողացավ և չի կարողանում գովազդել, ներկայացնել, պահանջել, պնդել: Քրիստոնյային շատ հարիր երանելի մի խաղաղություն կա նրա հոգում, դեմքին. ասես աշխարհ է եկել բարություն սփռելու համար: 60-ամյա արվեստագետը երեխայի անմեղությամբ, հավատով ու մաքրությամբ է նայում աշխարհին, ու ես ուզում եմ, շա¯տ եմ ուզում, որ «աշխարհի ամենաբարի մարդու» բոլոր առավոտները բարի բացվեն, մայրամուտները առեղծվածային լինեն, օրերը, տարիները` արգասաբեր: Որտեղ էլ որ աշխատել է Գարիկ Ղազարյանը (ռադիոյում, դրամատիկական թատրոնում, հեռուստատեսությունում, Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանում), նա թողել է իր ուրույն ձեռագիրը, իր հումորը, եղել է և մնում է արվեստի անխոնջ մշակը, նվիրյալը, լինելով ուսուցիչ, մնում է միշտ աշակերտ, այսինքն սովորող: Դասավանդելով հռետորական արվեստ, էթիկա և էսթետիկա` Գարիկ Ղազարյանն ամենից առաջ իր սաներին «վարակում» է բարությամբ, սիրով` առ մարդն ու աշխարհը, արարչագործ բնությունը: Նա ապրում է իր սաների հաջողություններով, իր հեռուստահաղորդումների հերոսներով («Կենտրոն» հեռուստաընկերությունում «Օթյակ» հաղորդաշարն է վարում), ովքեր մեր արվեստի, մշակույթի գոհարներից են: «Նռան հատիկ» ամենամյա փառատոնին իր սաների մասնակցությունն ու հաջողությունները Գարիկի համար կենսատու աղբյուր են: Աշխարհի ամենաբարի մարդը նաև «աշխարհի ամենահարուստ» մարդն է` կարսեցի ու գյումրեցի իր նախնիներից ժառանգած աշխատասիրությամբ, հազվագյուտ ազնվությամբ ու համեստությամբ: ...Ուշացած ծաղիկներով, ջերմ բարեմաղթանքներով 60-ամյա հոբելյարին շնորհավորում է նաև «Ավանգարդ»-ը` և, համոզված եմ, որ կիսում է Գարիկ Ղազարյանին դիմելուս այս ձևը` աշխարհի ամենաբարի մա°րդ... և ընկերդ`

Կարինե ԱՎԱԳՅԱՆ