Նկարված խոսք և գրված նկար


Երկրի մեջ արյան բաղադրության նման պետք է մաքուր պահել մշակույթի կենսունակությունը: Մշակույթն է այն վերինը ու այն ամենան, որ մեր մտքին, մեր հոգուն ու սրտին տալու է կենսական առողջ լիցքեր. այն, ինչ անհրաժեշտ է ավելի երիտասարդ ապրելու, ավելի ճիշտ ու գեղեցիկ ապրելու համար. սա է ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ գրողի, մշակույթի մարդու ու գործչի կյանքի ու գործունեության փիլիսոփայությունը, որ կարմիր թելի պես անցնում է նրա բոլոր 21 գրքերում: Եվ առաջին գրքից, որ «Ակունքներ» էր կոչվում և հրատարակվել է 1963-ին, մինչև վերջին «Խոսք և գույն» գիրքը, որ հրատարակվել է վերջերս, բանաստեղծն առնչվում է նույն ասելիքի, նույն էներգիայի հետ, որ նույն ակունքներից է գալիս, խոսքի գույնի և գույնի խոսքի հետ` փորձելով ստեղծել այն աշխարհը, որ թելադրվում է իրենից, իր ներաշխարհից: Եվ ամբողջ ընթացքում բանաստեղծի համար կարևոր է եղել իր ասելիքն ավելի լավ ասելու, ընթերցողի և իր հարաբերությունները ճշտելու, նրան ավելի հետաքրքիր դառնալու կողմնորոշումը: Իսկ լավի և ամենալավի գաղափարին գրողը յուրատեսակ անդրադարձ է կատարել իր «Բառերի բանալի» գրքում: Լավ է երամի առջևից թռչող թռչունը, բայց ամբողջ երամը հետաքրքիր է, լավ է վտառի առջևից լողացող ձուկը, բայց հետաքրքիր են բոլոր ձկները: «Խոսք և գույն» գրքում բանաստեղծը փորձում է խոսքի գույնի և գույնի խոսքի միջոցով անդրադարձ կատարել ազգի, ընտանիքի, սիրո հիմնախնդիրներին` դրանց մասին պատկերացում կազմելով համամարդկային չափանիշներով: Եվ, ինչո՞ւ ոչ, նաև տիեզերական ձգտումներ ունենալ, քանզի «այն, ինչ կատարվում է մարդու մեջ, տիեզերական է: Մեր ազգի հոգեկերտվածքը նույնպես տիեզերական է»: Խոսքարվեստի միջոցով ընթերցողին գույնի զգացողություն տալ, բնանկարների «խոսքը» հասցնել նրան, խոսքի գույնով և գույնի խոսքով արծարծել տիեզերական գաղտնիքների առեղծվածը, ինչն, ի լրումն ուղեկցվում է ասելիքի ժանրային բազմազանությամբ. չափածո և արձակ խոսք, իմաստախոսություն, ասույթ, փիլիսոփայական միտք և գեղանկարչություն: Գծանկարը գալիս է հարստացնելու խոսքը: Եվ ասելիքը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնում է բանաձևային միտք, որ գրվել է որպես նկար և նկարվել է որպես խոսք: Ահավասիկ հայոց սիրտը նկար-խոսքը, որ ընթերցողին տրվում է որպես տիեզերական այցեքարտը: Հայոց սրտում բանաստեղծը զետեղել է բոլոր այն տեսադրույթները, որոնք սահմանում են հայ ժողովրդի էությունը: Խոսքից ու գույնից զատ բանաստեղծն ասելիքի մի նախընտրություն էլ ունի` լույսը: Լույսը նրա ընկալմամբ տիեզերական ինքնադրսևորում է: Խավարն անորոշություն է: Լույսն է, որ պարզում-մեկնում է ամեն ինչ: Մշակութային գործունեության պատկառելի վաստակ ունի Արևշատ Ավագյանը: Ուսանողական տարիներից մինչև «Ավանգարդ» թերթում, այնուհետև հեռուստատեսությունում աշխատելու ընթացքում նա նախաձեռնել է գրական միջոցառումներ, փառատոներ է կազմակերպել ողջ հանրապետությունում և այդ ամենը լուսաբանել իր «Նավասարդ» հեղինակային հեռուստահաղոր դումներում: Ստեղծել է «Արարատյան» գրական միավորումը, ավելի քան 10 տարի ղեկավարում է մշակույթի ֆոնդը: Հոգևոր առնչություններ ստեղծելով` մարդկանց օգտակար լինելու, մշակութային մթնոլորտ առաջացնելու ու բարեշրջելու մղումը Արևշատ Ավագյանի համար եղել է ու շարունակում է լինել ներքին մարդկային պահանջ, նաև` հոգևոր ինքնաբավարարման նպատակ և միջոց: «Ես դրանից լավ եմ զգում»,- ասում է: Այդպիսի առաքելությամբ է գրողը ստեղծել մշակութային խորհրդարանը, «Ծիր Կաթին» գիտամշակութային միավորումը: Հանդիպումները անվանի մարդկանց հետ, տարաբնույթ քննարկումները դարձյալ ու դարձյալ մշակութային կյանքը եռուն դարձնելու, հասարակական միտքը արթուն ու սթափ պահելու, դրա ձևավորմանն ու հասունացմանը նպաստելու` հանուն պետականության ամրապնդման: Ամուր պետականությունն է, որ կարող է լինել մշակույթի զարգացման հիմք ու նախապայման: Մշակույթի պահպանմամբ և զարգացմամբ է, որ ձևավորվում է ազգի հավաքական կերպարը և երաշխավորվում է ազգային նկարագիրն ու հոգեմտածողությունը:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ