Աղքատության հաղթահարման առաջին օղակը
Հայաստանի անկախության առաջին իսկ տարիների խառնաշփոթ իրավիճակում բնակչության գերակշռող մասը հայտնվեց սոցիալապես անմխիթար վիճակում: Աղքատության շրջապտույտում հայտնված հազարավոր ընտանիքների համար հիրավի լույսի և հույսի ճանապարհ դարձավ 1993-ին Սոցնախարարության համակարգում ստեղծված «Փարոս» ծառայությունը, որը տարիներ անց (1999 թ.) վերանվանվեց «Նպաստ» համակարգ: Աղքատության ընտանեկան նպաստը թեև քիչ, բայց կայուն գումարով օգնում էր լուծել նվազագույն խնդիրները: Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման և աղքատ ընտանիքների նկատմամբ հասցեական սոցիալական աջակցության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ կառավարության 2000 թ. հուլիսի 3-ի թիվ 350 որոշմամբ հաստատվեց աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը: Հաշվի առնելով ընտանիքների անապահովության աստիճանը, սահմանվեց վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ամսական չափը: Որպես ընտանիքի անապահովության չափորոշիչ, ընդունվեց խորհրդանշական 36 բալային համակարգը: Նախկինում պետության կողմից տրվող 3-4500 դրամի փոխարեն յուրաքանչյուր ընտանիքի բազային նպաստն այսօր կազմում է 7000 դրամ: 7500 դրամ ստանում է միայնակ թոշակառուն: Միայնակ մայրերի ու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների ամենամյա նպաստին ավելանում է նաև երեխաների թվով հատկացված նպաստը: Կառավարության նույն որոշմամբ, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից ստեղծվել են հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդներ: Մայրաքաղաքի 130 հազար բնակչություն ունեցող Արաբկիր համայնքի կազմում գործող սոցիալական նպաստի բաժինը բազմաբնույթ ծառայություններ է մատուցում շուրջ 3000 անապահով ընտանիքի, այդ թվում նպաստառու 1700 ընտանիքի: Բաժնի պետ Ադրինե Նիկոյանն իր 10-ամյա աշխատանքային փորձով համոզվել է, որ իրենց գործում ամենակարևորը ժամանակին խոցելի խմբերի հայտնաբերումը, հաշվառումն ու համակարգումն է: - Մեր գործակալության աշխատակիցների հաճախակի այցելությունները բացահայտում են անապահով մարդկանց, ընտանիքներին, որոնց մի մասի պատվախնդրությունն իրենց դուրս է թողել մեր տեսադաշտից: Հարևանների և համատիրությունների աշխատակիցների օգնությամբ նրանք բացահայտվում և գրանցվում են: Սոցիալական ծառայության աշխատակազմը հայտնաբերում է նաև թափառաշրջիկ մարդկանց, երեխաների, ընտանիքներին,- ասում է Ադրինե Նիկոյանը: Ընդունված ավանդույթի համաձայն, ԱԼՄ հեռուստաընկերությամբ համայնքի պատասխանատուները արաբկիրցիներին ներկայացնում են կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը, որն օգնում է աջակցել անապահով խավին: Նպաստառու խավի թոշակի բարձրացման արդյունքում նպաստի դադարեցման վերաբերյալ հնչող դժգոհությունների պատճառը Ադրինե Նիկոյանը համարում է բնակչի եկատի աճը, և ելնելով անապահովության միավորի փոփոխությունից թոշակառուն դադարում է նպաստառու լինելուց: - Սակայն դա փոխարինվում է դրամական աջակցության այլ ձևերով: Նպաստից զրկված թոշակառուներին ընդգրկում ենք հրատապ դրամական օգնության ցուցակներում, որի դրամային չափը նույնն է, ինչ բազային նպաստի չափը: -Պետության որդեգրած աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը կյանքի կոչող կարևորագույն օղակը սոցծառայությունն է, որին մարդիկ օրեցօր ավելի են վստահում: Սոցիալական ոլորտի աշխատողը պետք է լավատես լինի, հավատա, որ կգա մի պահ, երբ խոցելի շերտը կնոսրանա: 1999-ից առ այսօր մեծ տեղաշարժ կա: Ինչո՞ւ չմտածել, որ տարիներ անց շատ ավելի լավ է լինելու: