«Հայաստանի աղն ես, Գյումրի»
Այո°, գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց կենսուրախությամբ ու հումորով: Նույնիսկ ամենածանր պահերին գյումրեցին իր սրախոսության ու դիմացկունության շնորհիվ կարողացել է հաղթահարել ամենայն արհավիրք ու վիշտ: Իսկ ինչպիսի՞ն է այսօր գյումրեցու նկարագիրը: Ինչո՞ւ է կենսուրախությունը փոխվել տխրության: Շատերը պատճառը համարում են 88-ի երկրաշարժն ու դրան հաջորդած դժոխային տարիները: Եվ իրոք այդպես է` չէ՞ որ դրա հետևանքները մինչև հիմա ակնհայտ են: Դեռ գոյություն ունեն տնակային թաղամասեր, որտեղ ապրում են բնակարան ստանալու իրենց հերթին սպասող ընտանիքներ: Հիմնավոր է և այն տեսակետը, որ Խորհրդային Միության փլուզմամբ փակվեցին գործարանները, և հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի: Հիմա Գյումրին դանդաղ, բայց հաստատուն քայլերով ոտքի է կանգնում: Կառուցվում են շենքեր, ստեղծվում են աշխատատեղեր: Բայց միևնույն է` այլևս ոչինչ չի գոհացնում գյումրեցուն: Սակայն փոքր-ինչ տարօրինակ է, որ նույն բարեհոգի գյումրեցին չի մտածում, որ նոր սերունդ է մեծանում, որը չի տեսել այդ երկրաշարժը և իրավունք ունի լավատես լինել, այլ ոչ թե ընկճվել` ամեն քայլափոխի տխուր ու դժգոհ դեմքեր տեսնելով: Այդ սերունդը պետք է լիովին ոտքի կանգնեցնի մեր երկիրը: Ուրեմն` հեռատես լինենք` չճնշենք նրան հոգեբանորեն, առողջ մթնոլորտ ու պայմաններ ստեղծենք, որպեսզի նա մեծանա ուրախ և վերականգնվող քաղաքում: