Նյուզգերը մեր պապերն են հիմնել


Նյուզգեր գյուղն իմ պապի ծննդավայրն է: Ու թեև հետագա կյանքը ապրել է Երևանում, բայց միշտ կարոտում էր լեռների գրկում ծվարած Նյուզգերն ու նրա շուրջը խոխոջացող առուները, զուլալ ջրերը: Նյուզգերն Ադրբեջանի տարածքում է և այսօր դարձել է ադրբեջանաբնակ: Այդ լեռնային բարձրադիր գյուղում Սուբի-գոմերի անունով մի աղբյուր կա, և սառն ու վճիտ աղբյուրի ակունքին շատ ու շատ ծարավ ճամփորդներ են խոնարհվել` հագեցնելու իրենց ծարավը: Հինավուրց այս գյուղը հայերն են հիմնել, և հիմա ես սրտի անսահման ցավով եմ մտածում, որ այդ գյուղում էլ ոչ մի հայ չի ապրում, որ Սուբի-գոմերի աղբյուրի ակունքին ոչ մի հայի շուրթ չի դիպչում: Բայց կա մեկ այլ ճշմարտություն. Նյուզգերը հայաթափվել է, այո°, բայց ապրում են լեգենդի փոխված հիշողությունները, որոնք էլ փոխանցվել են սերնդեսերունդ, այդ թանկ հիշողություններն այսօր իմն են: Գյուղում հին նշանավոր տոհմեր են եղել` Առաքելանք, Մակոյանք, Հայանք: Տոհմերից յուրաքանչյուրն առանձնացել է իր վարք ու բարքով, բայց բոլորը ճանաչված են եղել քաջությամբ ու խիզախությամբ, խորաթափանցությամբ ու համառությամբ: Այդ հողի վրա ապրել են շիտակ ու առաքինի, պարզ ու հստակ գեղջուկ մարդիկ, ապրել են իրենց հող ու քարին կառչած: Դժվարին պահերին միմյանց սատար են կանգնել, օգնության ձեռք մեկնել: Նախրապահների և հոտաղների խրոխտ կանչերից է արթնացել հինավուրց գյուղը, գյուղի փողոցներում միախառնվել են մարդկային խոսքն ու ծիծաղը, գառների մայունը ու ձիերի վրնջյունը: Հաճախ եմ պապիս աչքերում ու հայացքի խորքում տեսել նրա մանկության գյուղի պատկերը: Ես Նյուզգերում չեմ ապրել, բայց այն թանկ է ու նվիրական, որովհետև պապիս ծննդավայրը նաև իմն է: Ինձ թվում է նույնիսկ, որ եթե ինչ-որ հրաշքով հայտնվեմ այնտեղ, ապա անսխալ կարող եմ գտնել պապիս տունը: Ճիշտ է, չկա այլևս հայաբնակ Նյուզգերը, բայց ես համոզված եմ, որ հայի ձեռքով կառուցված շեները, կամուրջները իրենց մեջ պահելու են հայ վարպետների շունչը, որ հայ հողը երբեք չի մոռանալու իր իսկական տերերին: Գյուղի վրայով անցել են ժամանակի ավերիչ հողմերը: Բայց շենն էլ մարդու նման իր կենսագրությունն ունի և մեր պարտքն է անխաթար պահել նաև մեր նախնյաց լուսավոր ծննդավայրի պատկերները: Եվ հենց այդ կերպ ենք շեն ու կանգուն պահելու մեր հողն ու հայրենիքը:

Անուշ ՊՈՂՈՍՅԱՆ