Մայր բեմի երախտավորները


ՈՂՋԱԿԵԶ ԱՐՎԵՍՏԻ ԽՈՐԱՆԻՆ «Տվեք ինձ հարթակ անշուք ու խղճուկ Եվ ես կարող եմ ինձ գերազանցել»: Շ. ԱԶՆԱՎՈՒՐ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կեսդարյա բեմական վաստակին ամբողջական ծանրակշիռ գնահատական տալու միտումով վերստին թերթում եմ բեղուն տարեգրության էջերը: Համադրում անցյալ դարի կեսերից թատրոնի պաշտամունքով անմնացորդ կրակված սերնդի ինձ հայտնի մյուս անհատականությունների կայացման ընթացքին: Եվ զարմանալի մի օրինաչափություն եմ նկատում. Մեծ Հայրենականի դառնաղի ժամանակներում հոգևոր-մշակութային որքա¯ն առողջ հունդեր ծլարձակեցին պատերազմի արյունոտ խոփով փխրեցված մեր ժողովրդի ներթաքույց անդաստաններից: Ինչպե՞ս էր, որ բարոյական, ֆիզիկական անմարդկային զրկանքները չկասեցրին բազմաշնորհ այդ սերնդի լիարժեք համաստեղային ձևավորումն ու շենշող ինքնահաստատումը, անհատականացումը: Բոկոտն, սոված մանուկները քայլում էին մանկության հեքիաթների փարոսին ընդառաջ, գտնում իրենց նախասիրություն ներն ու շնորհները ճշգրտող (ուղղորդող) նպաստավոր միջավայր և աննկուն կենսասիրությամբ, կորովով իրագործում նվիրական երազանքները: Բյուր-բյուրավորները: Այդ թվում և ծննդյան հաջորդ օրը ռազմի շեփորի կանչով հորից զրկված փոքրիկ Ժենյան: Անբացատրելի ռոմանտիկ ժամանակներ էին` լի պարզ ու վճիտ ուրախություններով, մարդկային հոգիների ապրեցնող ջերմությամբ: Այդ հոգեպարար միջավայրում երգ ու պարով տարված սիրունատես աղջնակը` ջանգյուլումների անփոխարինելի հարսը, դյուրությամբ պիտի գտներ իր ճամփան: Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծության արտասանությամբ ընդգրկվեր պիոներպալատի թատերական խմբակում: 11 տարեկանում շահեր I մրցանակը ասմունքողների հանրապետական դպրոցական օլիմպիադայում: Զինոչկա (Վ. Ռոզով, «Կյանքի մի էջը»), Լիզինկա (Ա. Օստրովսկի, «Հորձանուտ»), Մանկլավիկ (Գ. Յաղջյան, Հ. Ղափլանյան, «Ոսկի քաղաք») դերերով հանդես գար Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1957-ին ընդունվում է Գեղարվեստաթատերական ինստիտուտ և Արմեն Գուլակյանի արվեստանոցում զարգացնում բեմական շնորհները մասնագիտական հարուստ գիտելիքներով: (Ժամանակի երևելի արվեստագետ-մանկավարժների նախանձելի հավաքականության անխոնջ եռանդին ենք նաև պարտական վառ անհատականությունների նոր սերնդի կայացման համար): Բացառիկ բնատուր տվյալների առաջին պրոֆեսիոնալ փայլատակումը դիպլոմային աշխատանքը եղավ (Սալոմե-Գ. Սունդուկյան. «Քանդած օջախ»), որի մասին հրճվանքով է արտահայտվել Օլգա Գուլազյանը. «Ողջունենք այսօրվա Սալոմեին, վաղվա Նատոյին ու Նատալիային, Էփեմիային ու Խամփերուն և օրհնենք Մեծն Գաբրիել Սունդուկյանի հանգույն` ապրիս, վուրթի, բարով իս էկի մեր օջախ, մեռնի մամիդեն էդ պետլած ջանիդ»: Գուցե թե այս օրհնանքի մոգական ուժով էր, որ դերասանուհու կերտած կերպարաշարում կենսաթրթիռ ավարտունությամբ աչքի ընկան նրա Նատալիան ու Խամփերին («Խաթաբալա»), Էփեմիան («Պեպո») ու Նադինկան («Կտակ»): 1962-ին իր մշտահմա կանացի գրավչության անսպառ կենսակունքի` Յուրի Ամիրյանի հետ ոտք դնելով Մայր թատրոն` Վարդան Աճեմյանի բարյացակամ ու հոգատար առաջնորդությամբ դերից դեր հասունացնում է կատարողական վարպետությունը: Մայր բեմը զարդարող անզուգական արտիստները որպես դերասանական լուրջ հայտ են ընդունում առաջին իսկ դերակատարումը (Մանյա-Շվարկին. «Ուրիշի երեխան», 1963): Ինչպես և գուշակել էր Մեծն Աճեմյանը, շնորհիվ իր աշխատասիրության, բարեխղճության, չափի ընդգծված զգացողության ու բարձր գիտակցության, Ժենյա Ավետիսյանը կարողանում է խուսափել մեծերին նմանակելուց և ստեղծել ինքնուրույն արտիստական ձեռագիր: Հարստացնելով ու բյուրեղացնելով դերակերպավորման իր ուրույն երանգապնակը` մոտ վեց տասնյակ կանացի տարաբնույթ հերոսուհիների է կյանք պարգևում մայր բեմում` արժանանալով անվանի խաղընկերների բարձր գնահատականներին ու հանդիսատեսի օրավուր ջերմացող սիրուն: Զինա (Ալյոշին. «Հիվանդանոցում»), Բեթի (Միլեր. «Սալեմի վհուկները»), Հայաստան (Ժ. Հարությունյան. «Ղազարը գնում է պատերազմ»), Այծեմնիկ (Ս. Հարությունյան. «Միայն մարդն է ուղիղ քայլում»), Ինկեն Պետերս (Հաուպտման. «Մայրամուտից առաջ»), Վալյա ու Մարֆա (Ժ. Հարությունյան. «Հարսնացուն հյուսիսից»), Ժենյա Կամելկովա (Վասիլև. «Առավոտներն այստեղ խաղաղ են»), Որմիզդուխտ (Պ. Զեյթունցյան. «Ավերված քաղաքի առասպելը»), Մադլեն Բեժար (Բուլգակով. «Մոլիերի կյանքը»), Շուշան (Պարոնյան. «Մեծապատիվ մուրացկաններ»)… Բոլորը չես թվարկի, բայց և բոլորի մասին կարող ես վստահաբար ասել` կենսականորեն հավաստի, բեմական բարձր կուլտուրայով ու գեղարվեստականությամբ հագեցված դերակատարումներ, որոնց գերակշռող մեծամասնությունը վայել է սունդուկյանական «շկոլայում» թրծված ակադեմիական թատրոնի դերասանուհուն: Թատրոն, որին Ավետիսյան-Ամիրյան բեմական զույգը երբեք չդավաճանեց: Նույնիսկ թատրոնից դուրս բուռն թատերական գործունեություն ծավալելով, որի նպատակը աշխարհասփյուռ հայությանը հայ պոեզիայի գոհարների բարձրավեստ ասմունքով հոգևոր սնունդ մատուցելն էր, բեմում չիրագործված սեփական երազանքներին մասնակիորեն հագուրդ տալը: Գոտեպնդված տարբեր համերգասրահներում գտած ջերմ ընդունելությունից` Ժենյա Ավետիսյանը այսօր էլ շարունակում է իմաստավորել տարբեր գրական-երաժշտական միջոցառումները Սիամանթոյի, Չարենցի, Սահյանի, Կապուտիկյանի, Շիրազի, Սևակի, Էմինի և այլոց բանաստեղծությունների կերպարային կատարումներով: Նրա ասմունքացանկի թագն ու պսակը Սայաթ-Նովան է` իր բոլոր շողշողուն գույներով, պոռթկուն զգացմունքների խորությամբ, թիֆլիսահայ բարբառի անթերի երաժշտականությամբ: Արտիստուհուն լսելով` Սայաթ-Նովան, անշուշտ, կասեր. «Ինձ սիրեցիր, էշխըն ընկար, խաղի դավթար իմ քեզ ամա…»: Ժենյա Ավետիսյանի բեմական շքեղ տվյալները չէին կարող վրիպել կինոբեմադրիչների սրատես աչքից: 20 կինոդերերից շռնդալից հաջողություն է ունեցել առաջինը` Նատոն, Ս. Իսրայելյանի «Գիքոր»-ում, որի տպավորությամբ ֆիլմի գեղարվեստական ղեկավար Հենրիկ Մալյանը այսպես է արտահայտվել. «Իմ աշխատանքը նրա հետ եղել է ստեղծագործական հաճույք, գեղագիտական վայելք»: 1984-ին, Տաշքենդի միջազգային կինոփառատոնում, արտիստուհու Նատոն արժանացել է անվանի կինոգործիչների մեծ ուշադրությանը, մեծարանքին: Մեկուկես տասնյակ ուշագրավ աշխատանքներ է արել Ժենյա Ավետիսյանը նաև հեռուստաթատրոնում: Ամենակարևորը նրա համար հարազատ թատրոնում` ստեղծագործական էներգիան կիրառելն է: Բարեբախտաբար, դրա լիարժեք հնարավորությունն այսօր ընձեռվել է նրան` որոշ առումով խորհրդանշական. նա վերստին Սալոմե է ներկայացնելու Սունդուկյանի «Քանդած օջախ»-ի նոր բեմադրության մեջ: Դարձ ի շրջա՞նս յուր… Տարիների իմաստությունն ու փորձը, պոռթկալու պատրաստ ասելիքի կուտակումները նոր կերպարային նրբերանգներով պետք է որ օժտեն նոր Սալոմեին` հավաստելով մեկ անգամ ևս, որ անդավաճան սունդուկյանցու յուրաքանչյուր նոր դերակատարում մայր բեմում ողջակեզ է արվեստի սուրբ խորանին: