ՊԱՐԸ ՀՈԳՈՒ ԵՎ ՄՏՔԻ ԹԱՐԳՄԱՆ


«Ջանբազյան» պարարվեստի ակադեմիայի 18 սանուհիներից կազմված խումբը Վանաձորում ջերմ ընդունելություն գտած մենահամերգից հետո առավել խանդավառված հանդես էր գալիս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Տասնամյակների հայապահպան իր գործունեությամբ, սփյուռքահայ պատանիների ու աղջիկների գեղագիտական դաստիարակությանը անխոտոր նվիրվածությամբ այն իսկապես արժանի էր մայր հայրենիքում այսպիսի մեծ պատվի: Դյուրին չէ օտարի հողում մշակութային օջախ հիմնել ու հաստատուն պահել 65 տարի: Ակադեմիայի ներկայիս տնօրեն և գեղարվեստական ղեկավար Անահիտ Ջանբազյանը, տաղանդաշատ պարուսույց հոր` Սարգիս Ջանբազյանի կայացրած գեղեցիկ առաքելության ջահը անձնվիրաբար կրում է երեք տասնամյակից ավելի` անշեջ պահելով նրա կրակը շուրջը համախմբված մշակութասեր հայրենակիցների գործուն աջակցությամբ: Այսօր մոտ 200 աղջիկներ են ուսանում Լոս Անջելեսի պարարվեստի այդ կրթօջախում: Շատերի մեջ Անահիտ Ջանբազյանը տեսնում է իր գործի շարունակողներին` մայրական հոգատարությամբ նրանց փոխանցելով Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական և ժողովրդական պարերի բաժիններում ստացած, հորից ժառանգած ու տարիների բեմափորձով խորացրած մասնագիտական հմտություն ները: Ապրելով ու ստեղծագործելով մեկ համերաշխ ընտանիքի նման` նրանք միասնաբար լծվում են յուրաքանչյուր նոր մտահղացման բեմականացման գործին: Իսկ մտահղացումներ շատ ունի ստեղծագործական անդուլ որոնումներով ապրող Անահիտ Ջանբազյանը` ոգեշնչված հայ ավանդական ու ժամանակակից երաժշտությամբ, պոեզիայով, պատմական կոնկրետ իրադարձություններով: Նա չի ձգտում ազգային տոհմիկ պարերի պարզ վերարտադրության, այլ փորձում է դասականության պրիզմայով անցկացնել դրանք` վերջնական կերպավորում տալով իրենում խմորվող, կուտակվող ասելիքի, թեմայի թելադրած պլաստիկ արտահայտչամիջոցներով: Պարը նրա մտքի և հոգու թարգմանն է, որ հստակվում է բանաստեղծական խոսքի, երաժշտության, բնության գեղանկարչական արտասովոր պատկերների հենքի վրա, հասունանալով վերափոխվում շարժման, շարժումների համակարգի: Պարը պայքար է ու նազանք, մնջախաղ ու դիմախաղ, հեղափոխություն և խաղաղություն, սիրո տվայտանք ու անպաճույճ առօրյա… Այս ամենի դրսևորումները հանդիսատեսը գտնում է բեմից ներկայացվող տարաբնույթ կատարումներում` «Վերհուշ», «Նռան բույրը», «Վար ու ցանք», «Արծիվները», «Մի հեռանա», «Փոթորիկ», «Կոմիտաս»… Տեղ-տեղ տպավորությունը թուլանում է անհաջող, աղմկաշատ ֆոնոգրամայի ներգործությամբ, բայց հանդիսասրահում գերիշխող խանդավառ տրամադրությունը պահպանվում է` հարուցելով հպարտության զգացում օտար ափերում հայ մշակույթը պահպանող ու զարգացնող նվիրյալների այս խմբի գոյության համար: Լավ կլիներ, իհարկե, որ Պարարվեստի ազգային միությունը` մշակութային այս յուրօրինակ հանդիպման նախաձեռնողը, խորացներ փոխշփումները սփյուռքահայության համար բացառիկ նշանակություն ունեցող կրթօջախի հետ, հաստատեր մասնագիտական համագործակցություն: Վստահ եմ, այդպիսով ավելի կանգուն կմնա «Ջանբազյան» պարարվեստի ակադեմիան` Սարգիս Ջանբազյանի անունն ու գործը սերունդներին անխաթար փոխանցելով կնպաստի ոչ միայն հայ պարարվեստի, այլև հայ մարդու ազգային նկարագրի անեղծ հարատևմանը օտարի հողում: Դա կլինի արժանի երախտիքի տուրք էրզրումցի մոր ու վանեցի հոր ուժեղ նկարագրի ժառանգության շնորհիվ 1942-ին Իրանում «Թեհրան» պարարվեստի դպրոցը մեծագույն ջանքերի գնով հիմնադրած, Լենինգրադի «Վագանովա» բալետային դպրոցում ստացած բարձրակարգ համակողմանի կրթությունը դրա կատարելությանը նվիրաբերած վաղամեռիկ արվեստագետի հիշատակին: Նաև ստեղծագործական նոր թռիչքի թևեր կտա շնորհաշատ աղջկան` հոր գործի հետևողական շարունակողին, բարձրարվեստ կայացնելու իր ստեղծագործական նոր մտահղացումները, որոնցից անջնջելի են մնացել ակադեմիայի 40-ամյա հոբելյանի առիթով բեմականացված «Կոմիտաս. կռունկ բնավեր» ներկայացման տպավորությունները: Հիմա Անահիտ Ջանբազյանը ամբողջացնում է Սայաթ-Նովայի պոեզիայի հիման վրա ստեղծվող իր նոր բեմադրությունը, որից երկու ուշագրավ հատված ներկայացրեց երևանյան բեմում: Հնարավո՞ր է, որ հենց այս ծրագրի լիարժեք իրականացման շրջանակներում սկիզբ դրվի մասնագիտական համագործակցությանը: Արժե մտածել... Ռումբերի անձրևի տակ դեռ շարունակում է իր անլիարժեք գոյատևումը Երկիր մոլորակը բնակեցրած մարդկությունը: Նրա բախտը տնօրինող քաղաքագետները հրեշտակային չքմեղ դիմակով խաբում են ժողովուրդներին` այդ անձրևին մարդասիրական բովանդակություն ներարկելով: Ճարտասանական իրենց հիպնոսացնող արվեստով եթե նույնիսկ շատերին չեն հիմարացնում, ապա բարեհաջող ապահովագրում են իրենք իրենց ու Երկրի միահեծան տերերին պատասխանատվությունից ներկա և ապագա սերունդների, պատմության դատի առաջ: Ավելին` հրահրում են նորանոր պատերազմներ արյունով ու նախճիրով, անվերականգնելի ավերածություններով առլեցուն: Եվ ծնվում են մանուկները ռումբերի տեղատարափում` զրկված նույնիսկ թիթեռնիկի մեկօրյա կյանք ունեցող ազատ ճախրանքի իրավունքից: Մի՞թե հնարավոր չէ կանխել հանուրի կյանքը կապանքող ու չգոյության անդունդ գլորող այս մահասարսուռ, ահագնացող աղետը: Ինչպե՞ս վերագտնել բնականոն, երանավետ կեցություն հաստատող հուսալի հենարաններ: Անձնազոհ, արիակամ մունետիկներ են հարկավոր դեպի արևոտ վաղը տանող ճանապարհը խավարամած գիշերից մաքրելու, ապրեցնող մեղեդիներ ու երգեր վերստին հնչեցնելու համար: Այդ ժամանակ միայն անկաշկանդ կտարածվի թիթեռնիկի ազատաբեր, զվարթ պարը` իրենում ընդգրկելով համայն մարդկությանը: …Ահա խորին խորհուրդը «Խաղաղության զինվորներ» իրանական ֆոլկ-մոդեռն բալետի «Թիթեռնիկի պարը» մնջախաղային ներկայացման, որով նրա գեղարվեստական ղեկավար ու մենակատար Համեդ Նասրաբադիանը հանդես եկավ Երևանի արվեստասերների առաջ: Ակրոբատիկ տարրերով, սևի-ճերմակի- կարմիրի համադրությամբ զարգացվող յուրօրինակ մենախոսությամբ ահազանգ բարձրացվեց Երկիր մոլորակի խաղաղության վերականգնման, քանի դեռ ամեն ինչ անդառնալիորեն չի ոչնչացվել: Իր մնջախաղային մանրապատումը համեմելով տարաբնույթ երաժշտական (նաև` հայկական) մեղեդիներով` իրանցի արվեստագետը հստակեցրեց խաղաղարարական իր առաքելությունը ներկայացումից հետո ինքնաբուխ ծնված զրույցի ժամանակ: Մինչ Նասրաբադիանի առաջարկությամբ ներկաներն իրենց մաղթանքներն ու տպավորություններն էին ամրագրում ճերմակ պաստառին` նա պարզաբանեց իր մշակութային նախաձեռնության հեռագնա նպատակը. խաղաղության կոչով շրջել աշխարհի 130 երկրներում` համառորեն փորձելով հասարակ մահկանացուներին Խաղաղության դրոշի տակ մեկտեղվելու ծայրահեղ անհրաժեշտությունը: Իր մտահղացման հաղթանակի վստահությունը փոխանցելով մեզ` հուսադրեց, որ դեռ կարելի է խաղաղության շուրջպար բռնել Երկիր մոլորակի վրա: Ուրեմն չի բացառվում` ռումբերի անձրևի տակ ծնվող ներկայիս մանուկները երբևէ կդառնան Խաղաղության զինվորներ ու կփրկեն իրենց կյանքի օրրանը վերջնական կործանումից: Ուրեմն չի բացառվում` մշակութային բարձրարժեք իմպուլսներով մարդկանց կարծրացած, գազանացած և կամ, որ նույնքան վտանգավոր է, հուսալքված, ներամփոփված հոգիներում ու մտքերում արթնացնել համընդհանուր երջանկության համար պայքարի ելնելու ազնիվ մղումներ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ