ԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ԴԵՌ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ


Նախորդ շաբաթ արդեն հստակեցվեցին համամասնական և մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու առաջադրվածների անունները: Ինչպես և սպասվում էր, առաջադրումների փուլում մեծ անակնկալներ չարձանագրվեցին: Կանխատեսվածի համաձայն` խորհրդարանական ընտրությունների` վաղուց հայտնի ֆավորիտները ամրագրեցին, որ առանց դաշինքի են քվեարկությանը մասնակցելու, իսկ ԿԸՀ ներկայացված ցուցակներն էլ իրենց հերթին էին հեռու «սենսացիոն» բացահայտումներից: Արդեն իսկ զգալի է, որ խորհրդարանական մանդատների առյուծի բաժինը կիսվելու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են կուսակցության գործող պատգամավորական կորպուսը, Հանրապետականի անդամ նախարարներ և այլք: Նկատենք, որ քաղաքական դաշտը միավորելու` իշխող քաղաքական ուժի ձգտումը ցայտուն կերպով արտահայտված է նաև ներկայացված համամասնական ցուցակում, ուր ընդգրված են ոչ միայն մի քանի հայրենակցական միությունների, այլ նաև համեմատաբար փոքր քաղաքական հնարավորություններ ու դերակատարություն ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Արդարացան նաև ԲՀԿ-ի ցուցակի վերաբերյալ կանխատեսումները: «Բարգավաճում» քաղաքական դեմքեր գրեթե չկան, և ավելի խայտաբղետ ցուցակ թերևս դժվար էլ էր պատկերացնել: Նշված հանգամանքն էլ հուշում է, որ այս նորելուկ քաղաքական ուժը երկրորդ տեղի համար պայքարի` արդեն ամիսներ հայտնի «տեխնոլոգիաները» նորովի կիրառելուց բացի, ծավալելու է նաև այստեղ ներկայացված մտավորականների հասարակական հեղինակության հաշվին: Մեթոդը ոչ միայն փորձված է, այլ նաև բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը: Այդուհանդերձ, ՀՀԿ-ԲՀԿ որոշ ուժերի համար խիստ ցանկալի հակամարտությունը ըստ ամենայնի չի ստացվելու: Հակառակ սպասվածի` չափազանց անորոշ է մյուս, ավելի քան երկու տասնյակ կուսակցությունների ապագան: Այստեղ էլ կարելի է արձանագրել, որ հատկապես անզիջում պայքար է ընթանալու երրորդ և խորհրդարան տանող մյուս տեղերի համար: Թեկուզև այն հանգամանքը, որ մեծամասնական ընտրատարածքներում նշված ուժերը պատկառելի թվով թեկնածուներ են առաջադրել, և փաստը, որ հատուկենտ օկրուգներում են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուները միմյանց հետ մրցակցելու, ասվածի վառ ապացույցն է: Թերևս այդպես էլ չիրագործված «41-ի օպերացիան» աչքի առաջ ունենալով` նույն ընտրատեղամասերում «համատեղված» ընդդիմադիր մեծ ու փոքր կուսակցությունների ներկայացուցիչների թիվն ավելի մեծ է: Սա մի կողմից անմիաբանության ցցուն ապացույց է, մյուս կողմից` պարտության ակնհայտ նախապայման: Համամասնականի վերաբերյալ էլ հարկ է արձանագրել, որ ընդամենը մեկ ընդդիմադիր դաշինք հնարավոր եղավ ձևավորել, սակայն «Իմպիչմենտն» ակնհայտորեն խորհրդարանում տեղեր ունենալու համար չի պայքարում: Նրա ներկայացուցիչներն ավելի շատ հակված են հակաիշխանական տրամադրությունները թանձրացնել: Ցավոք, ապարդյուն: Ինչի՞ կարելի է հասնել մի քանի հարյուր հոգիանոց հանրահավաքներով, երբ հնարավոր չեղավ անգամ երկու-երեք ընդդիմադիր դաշինքներով երկարաձգել իշխանափոխության երբեմնի ճիգերը: Այսպիսի իրավիճակը և ոչ մի քարոզարշավ արդեն որևէ կերպ չի կարող փոխել: Ուստիև վստահաբար կարելի է փաստել, որ անգամ առաջադրումների փուլը արդեն ուրվագծում է ապագա խորհրդարանի ընդհանուր պատկերը: Ասվածը, իհարկե, հիմնավոր հավանականությամբ կանխատեսում է, և թափ առնող նախընտրական փոթորիկն էլ հենց դրա վկայությունն է: