Թռիչքներ` պատրանքներից իրականություն և հակառակը


Այն, ինչ կատարվեց և կատարվում է հայաստանյան ընդդիմության հետ, իսկապես տխուր է: Տխուր է ոչ այն պատճառով, որ, համախմբվելով և իշխանության գալով, ընդդիմությունն ի զորու էր լինելու Հայաստան պետության համար անել ավելին, քան գործող իշխանությունները: Դա դեռ մեծ հարցական է: Հիասթափեցուցիչը քաղաքական ուժերի բացահայտ մեծամասնության անսկզբունքայնությունն է, անձնական, կուսակցական շահերը հայրենիքի, ժողովրդի շահերից վեր դասելու, փառատենչության, նյութապաշտության արդեն անսքող դրսևորումները, որոնք գաղափարախոսությունն ու աշխարհայացքը մղում են հետին պլան: Դիմակներն ընկնում են: Քաղաքական առևտրի գարշահոտ մթնոլորտում եսամոլությունը, պատեհապաշտությունը, շահադիտական նկրտումները գոնե քողարկելու ճիգեր այլևս չեն գործադրվում: Եվ իսկապես, քաղաքական «ֆայլաբազարում» ազնվություն, առաքինություն խաղալու, ձևեր թափելու անհրաժեշտություն այլևս չկա: Ժողովուրդը հիանալի ծանոթ է թե° քողարկիչ դիմակներին, թե° քողազերծված իրական դեմքերին: Այո, ինչպես և սպասվում էր, ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ միավորվել, որովհետև այդ բանակում բոլորը իրենց «գեներալ» էին պատկերացնում: Զինվոր չկար: Իսկ առանց զինվորի բանակ չի լինում: Քաղաքական ուժերի և գործիչների համամասնական ու մեծամասնական ընտրակարգով առաջադրումների գործընթացի ավարտից հետո ուրվագծվեց հետևյալ պատկերը: Ընդդիմությունը հաշտվել է ապագա խորհրդարանում փոքրամասնություն կազմելու հեռանկարի հետ, և վերջիններս ընդամենը մեկը մյուսից մի քանի տոկոս «փախցնելու» խնդիր են լուծելու: Իհարկե, արմատականների մի մասը իշխանափոխության հասնելու որոշ հույսեր դեռևս փայփայում է: Այդ ակնկալիքները հիմնականում կապված են Արևմուտքի դիրքորոշման կտրուկ փոփոխության և ընտրություններից անմիջապես հետո համաժողովրդական ընդվզման հզոր ալիք բարձրացնելու` այսօրվա դրությամբ զուտ տեսական հնարավորությունների հետ: Չէ՞ որ հարևան Վրաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ ընտրություններին հաջորդած հեղափոխության միջոցով: Թերևս, սույն քաղաքական ուժերն իրենց հաշվարկներում չեն անտեսում 1996 թ. նախադեպը: Այն ժամանակ էլ ընդդիմադիր ուժերը նախընտրական պաշտոնական քարոզարշավի մեջ մտան առանձին-առանձին, բայց ընտրություններից բառացիորեն 3-4 օր առաջ փաստացի միավորվեցին, կազմեցին դաշինք` իրենց ձայները տալով միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին: Պարտության դատապարտված ընդդիմությունը վերջին պահին այնքան զորեղացավ, որ իրականում հաղթեց 96-ի ընտրություններում: Սակայն 10 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների կրկնության հավանականությունը խիստ փոքր է: Իրավիճակն է բոլորովին տարբեր: Այն ժամանակ առկա էր ժողովրդի քաղաքական ակտիվության բավական բարձր մակարդակ: Հասարակությունը ոչ միայն դժգոհ էր իշխանություններից, այլև վերջիններիս նկատմամբ լցված էր ցասումով ու ատելությամբ: Այսօր, թեպետ, դժգոհների քանակը այնքան էլ քիչ չէ, բայց գերիշխող տրամադրությունը անտարբերությունն է, հրապարակային գործողություններից հոգնածությունը, ընդդիմության նկատմամբ հավատի ու վստահության պակասը: Մյուս կողմից` ընդդիմադիր լիդերներն էլ, ի տարբերություն 96-ի` միմյանց հանդեպ բացարձակ անկեղծ չեն: Հետևաբար, հույս ունենալ, թե կարող են քաղաքական կամք դրսևորել, մի կողմ դնել խանդը, հավակնոտությունը, մանրախնդրությունը` մեղմ ասած, միամտություն կլինի: Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից ամենավճռական պահին կտրուկ «միջոցառումների» ձեռնարկմանը, ինչը կարող է դրսևորվել որևէ ընդդիմադիր կուսակցության` «վա բանկ» տարբերակով ֆինանսական ու տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու անկանխատեսելի քայլերով, ապա դա հարյուր տոկոսով բացառել չի կարելի: Սակայն դրա համար մեկ նախապայման պարզապես պարտադիր է: Այդ նախապայմանը` գոնե քսան հազարանոց զանգվածի ոտքի հանելու` Արևմուտքի կողմից «ընտրվելիք» լիդերի ունակությունն ու հնարավորությունն էր: Առանց նվազագույն «կրիտիկական զանգվածի», բարձրակարգ արևմտյան տեխնոլոգիաները և տասնյակ միլիոնավոր «խաղի» մեջ մտցված դոլարներն ի զորու չեն լինի հեղափոխություն «սարքել»: Լիներ այդ քսան հազարանոց «բնական» զանգվածը, փողով ու աճպարարությամբ Արևմուտքը կկարողանար այն «սարքել» 40, նույնիսկ 100 հազար, և հեղափոխությունն էլ կհասցներ հաղթական ավարտի: Սակայն, նախևառաջ հարկ է պատասխան գտնել այն հարցին, թե արդյոք Արևմուտքը ընդհանրապես շահագրգռվա՞ծ է Հայաստանում իշխանափոխության իրականաց մամբ: Այն, որ գործող իշխանությունները աստիճանաբար ավելի են սերտացնում ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, դեռ բավարար հիմք չէ Արևմուտքի համար` ընդդիմության շարքերից այլընտրանքային թեկնածուի վրա կենտրոնանալու, քանզի ՀՀ այսօրվա վարչակազմը բոլորովին էլ հակաարևմտամետ չէ: «Ներքին» և «արտաքին» ռեսուրսներից զրկված, հիմնական «խաղը» տանուլ տված արմատականների մի մասը` «հույսը վերջինն է մեռնում» սկզբունքով, կորցրածը հետ բերելու որոշ ակնկալիքներ դեռևս կապում է իշխանական թևերի հնարավոր սուր բախումների հետևանքներից արդյունավետ օգտվելու հնարավորության հետ: Տարիներ շարունակ թմբկահարելով ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի միջև առկա և իբր թե անընդհատ խորացող հակասությունների թեման, շաղախելով այն սեփական երևակայության շողշողուն «զարդերով», ինքնաներշնչանքով ու ինքնախաբեությամբ ընդդիմադիրները պատրանքներ են ստեղծում, թե Հայաստանում հնարավոր է` իրագործվի հեղաշրջում: Ըստ այդ «սարքովի» տեսության, հեղաշրջման հեղինակ կարող են լինել հավասարապես թե° Ռոբերտ Քոչարյանը, թե° Սերժ Սարգսյանը: Ի դեպ, այդ վարկածում մեծ դեր է վերապահվում գերտերությունների ակտիվ ներգրավմանը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններում: Իբր քոչարյանական հեղաշրջման նախաձեռնողը և պատվիրատուն կարող է լինել Ռուսաստանը, իսկ սարգսյանականինը` Արևմուտքը: Այս առասպելի սնուցման լրացուցիչ «աղբյուր» է հանդիսանում ՀՀԿ-ԲՀԿ «հավանական» առճակատումը, որը պետք է առավելապես սրվի պաշտոնական քարոզարշավի ժամանակ և հատկապես ընտրությունների օրը: Հակաիշխանական ուժերը, բնականաբար, շահագրգռված են Սերժ Սարգսյանի հաղթանակով, որն, ըստ իրենց, ՀՀ նախագահին վերջնականապես կհեռացնի քաղաքական արենայից, ինչն էլ հիմնականում արևմտամետ ուժերի համար հնարավորություն կստեղծի` հաղթանակի պտուղներից օգտվելու: Ընդդիմության այս ֆանտաստիկ «կանխատեսումների» հեղինակներին կարելի է ընդամենը հիշեցնել ժողովրդական հեգնանքը` «Հավը երազում կորեկ է տեսնում»: Ինչևէ: Ֆանտաստիկայից վերադառնալով իրականություն, կարելի է փաստել, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 28 քաղաքական ուժերից առնվազն 20-ը մեկ տոկոսից ավելի ձայն չի ստանա: Իսկ ընտրությունների արդյունքների տրամաբանությունից ելնելով` ապագա խորհրդարանը կկազմավորի կոալիցիոն կառավարություն, որում գլխավոր դերակատարությունը կստանձնեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Սուր զգացողությունների սիրահարների համար սա գուցե «տափակ» սցենար է, բայց բխում է իրողությունների սթափ գնահատականից:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ