Խաղում ենք... քաղաքականություն


Տարիներ առաջ էր: 1946 թ. Պարսկաստանից ներգաղթած մեր հարևան Շերամ դային «կոմունիզմի կառուցման վեհ գործին մասնակցելու» համար դիմում է ներկայացնում սկզբնական կուսկազմակերպություն: Հարցի քննարկման օրը նրան հարցնում են. «Ինչո՞ւ ես ուզում կոմունիստ դառնալ»: - Որ ուտեմ, է¯,- անկեղծորեն պատասխանում է թեկնածուն: Այսօր այդ բաղձալի «հացատան» հասցեն փոխվել է` դարձել է ԱԺ, և ով կարող է, օգտագործելով հնարավոր ու անհնար բոլոր միջոցները, ձգտում է հայտնվել այդնտեղ` ոչ թե օրինաստեղծ գործունեություն ծավալելու, այլ «ուտելու» համար: Գաղտնիք չէ, որ ուժեղ, հզոր, կայացած կուսակցական համակարգը երկրի հարստություններից մեկն է, և հատուկ է հենց կայացած երկրներին: Մեր` աշխարհի մեծամեծերից դեռ «աղքատության նպաստ» ստացող Հայաստանի համար դեռ կարծես թե հեռու տեսլական է այդպիսի համակարգ ունենալը և դրան հարիր ընտրություններ անցկացնելը: Խոսքը չի վերաբերում մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծմանը, ինչի մասին սիրում են խոսել ոմանք, այլ ընտրություններին մասնակցելու համար առաջադրումներին և դրանց նախորդող քաղաքական գործընթացներին, որոնց հանգիստ կարելի է «այսպես կոչված» պիտակը կպցնել: Հայաստանում քաղաքական համոզմունքը մոդայիկ չէ, այն վերածվել է արխայիզմի: Մեր օրերում կարևորվել է չոր, պրագմատիկ հաշվարկը` ի՞նչ անել և ինչպե՞ս` որևէ անցողիկ կուսակցության որևէ անցողիկ համարում հայտնվելու համար: Եվ բնավ կարևոր չէ, թե այդ կուսակցությունը ի՞նչ անվանում ունի, թեկուզ` սատանայապաշտների, միայն անցողիկ լինի: Պատգամավորական մանդատների հետևից «ընտրավազքը» հասցնում է այնպիսի զավեշտների, ինչպիսին մի կուսակցության պարագլխի հայտնվելն է մի այլ կուսակցության համամասնական ցուցակում: Իսկ սա նշանակում է, որ «անտեր» մնացած կուսակցությունը չի էլ ունեցել ժողովրդի համակրանքը քիչ թե շատ վայելող ուրույն գաղափարախոսություն կամ էլ հենց դրանց լիդերները չեն հավատացել դրան և «կուսակցախաղեր» տալը միայն քաղաքական բեմահարթակում մնալու նպատակ է հետապնդել: Գիշեր-ցերեկ ՕԵԿ «գաղափարների» հաղթանակի համար «տոչորվող» չորս քաղաքական գործիչներ մեկ օրում վարակվեցին «ժողովրդական»-ի գաղափարներով և հայտնվեցին Տիգրան Կարապետյանի «գերսուպերադամանդների երգչախմբում», իսկ ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի արևով երդվող Աղասի Արշակյանը, նեղացած ԱՄ համամասնական ցուցակում իրեն հատկացված տեղից (հավանաբար անցողիկ թիվ չի եղել), նետվել է ԺՈՒԿ` թեժ եռյակ կազմելով Մանուկ Գասպարյանի, Արշակ Սադոյանի հետ: Պետք է արձանագրել. այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ո°չ իշխանական, ո°չ էլ ընդդիմադիր ճամբարների համար չգտնվեց գեթ մեկ գաղափար, որը կհամախմբեր քաղաքական դաշտում քիչ թե շատ դերակատարում ունեցող գոնե երկու կուսակցության: Եթե այս փաստը ինչ-որ ձևով բացատրելի է իշխանական ուժերի պարագայում, բնավ չի հասկացվում ընդդիմադիր կոչվող հատվածի պահվածքում: Չորս տարի անընդհատ մարդկանց ուղեղը կեղծված ընտրությունների մասին խոսակցություններով սղոցելուց, Նախագահի հրաժարականը պահանջելուց հետո, երբ թվում է, թե եկել է ուժերի համախմբման միջոցով «մանկության ոսկե երազանքը» իրագործելու ժամանակը, հանկարծ պարզվում է, որ կա ավելի կարևոր բան, քան ազգի փրկությունն է` հայոց «թագավորի» թագը, որն այդպես էլ նրանք չկարողացան «բաժանել» իրար միջև: Ուստի գերադասեցին երկիրը թողնել «կոռումպացված» նախագահի և նրան սատարող, ազգը դեպի «կործանում» տանող կուսակցությունների ձեռքում, քան համախմբվել իրենց նման «ազնիվ» ու «հայրենասեր» մի այլ ընդդիմադիրի շուրջ: Իսկ գուցե իշխանափոխության գաղափարն էլ անցողիկ «զինվոր» չէ: Եթե այդպես է, ընդդիմություն կոչվածներին մնում է «խաղեր» տալ իշխանությունների հետ` գոնե խորհրդարանական մանդատները պահպանելու նպատակով:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ