Դրսևորեցին հենց այն, ինչը վերագրում էին իշխանություններին
Վերջին ամիսների իրողությունները փաստեցին, որ հայրենի արմատական ընդդիմադիրները այնքան մեծ հակակրանք չունեն իշխանությունների հանդեպ, որքան փորձում են հանրությանը հրապարակավ ներկայացնել: Իրոք լիներ այդչափ ատելության պարագայում կուրացուցիչ զգացումի հզոր ազդեցությունը կստիպեր վերջիններիս մի կողմ դնել հավակնոտությունը և միավորվել: Եթե ոչ հանուն , գոնե ընդդեմ սկզբունքով, ինչպես, օրինակ, 2003 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղավ: Երբեմն նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հակաիշխանականները միմյանց նկատմամբ առավել շատ նախանձով, անվստահությամբ, նույնիսկ չարությամբ են լցված, քան` իշխող վարչակազմի: Առավել ուշադիր քաղաքագետները նկատած կլինեն, որ վերջերս արմատականների զգալի մասի` իշխանություններին քննադատելու տոնայնությունն ու «դոզան» զգալիորեն նվազել է: Իհարկե, դրա հիմնական պատճառը «ներճամբարային» թեժ «ռազբորկաներն» էին, որտեղ փոխադարձ անըմբռնողականության սինդրոմը ենթագիտակ ցական «հարթությունում» ներշնչում էր այն մտայնությունը, որ եթե գործընկերներդ ու գաղափարակիցներդ քեզ չեն հասկանում, առաջնորդվում են նեղ շահադիտական նկրտումներով, ապա էլ ինչ իրավունքով նույն «մեղքերի» մեջ մեղադրել գործող իշխանություններին: Ուրիշի «աչքի փուշը» տեսնելուն զուգահեռ, վերջապես նկատվեց նաև սեփական «աչքի գերանը»: Նկատելի այս երևույթները առիթ հանդիսացան, որպեսզի իրողությունները ներկայացվեն բոլորովին այլ «ձևաչափով»: Մասնավորապես, գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը սկսեց փոխադարձ կասկածանքով վերաբերվել մեկը մյուսին: Բացահայտ կամ ակնարկներով` քաղաքական ուժերը սկսեցին միմյանց մեղադրել իշխանությունների հետ գաղտնի, անդրկուլիսային համաձայնությունների, մի խոսքով, «ծախվածության» մեջ: ԱՄ-ի վերաբերյալ ասեկոսեները շրջում էին «էն գլխից»: Իսկ վերջերս ծախվածության վերաբերյալ սուր նետերը ուղղվեցին ՀԺԿ-ի դեմ: Դա էլ հասկանալի է: ՀԺԿ-ն դաշինք կազմելու այնպիսի նախապայմաններ առաջադրեց, որ 5 տոկոսից պակաս վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժերն այլևս սույն կուսակցության «պոչից բռնելու» և ԱԺ մտնելու հույսները կտրեցին: Այս պատճառով էլ այնքան մաղձոտվեցին, որ Ստեփան Դեմիրճյանին «դավաճան» պիտակելու գայթակղությանը չդիմացան: Խոշոր հաշվով հայաստանյան ընդդիմությունը իրեն դրսևորեց ճիշտ ու ճիշտ այն «որակներով», որոնցով մշտապես պիտակավորել է իշխանություններին: