Մարտադաշտում մեկն էլ զինվոր է
- Ես օլիմպիական հանգստությամբ եմ վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, որովհետև լավ գիտեմ, թե որն է դրա վերջը: Վերջը իշխանափո խությունն է,- այս պնդման հեղինակը, այսպես կոչված, իշխանափոխական ռոմանտիզմի նվիրյալ, ՆԺ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է: - Իշխանափոխությունը հնարավոր է և° հիմա, և° 2008-ին: Սակայն դա կախված է նրանից, թե մենք ինչքան կարող ենք օգտվել հեռուստաեթերից: 2008 թ. իշխանությունը երկփեղկվելու է և ստիպված է լինելու հանդես գալ մի քանի դեմքով: Իշխանափոխության հնարավորությունը հիմնավորելով իշխանական ուժերի տարանջատման ու փոշիացման թեզով, ՆԺԿ ղեկավարը համոզմունք է հայտնում, որ 2008-ի նախագահական ընտրությունները կդառնան իշխող համակարգի կարապի երգը: Ինչպես ասում են, լավագույն քաղաքական գործիչը նա է, ով կարողանում է կանխատեսումներ անել և հետո, համոզիչ կերպով բացատրել, թե ինչու իր կանխատեսում ները չէին կարող իրականանալ: Փորձենք կանխատեսել 2008-ից հետո ՆԺԿ ղեկավարի արդարացումները` իշխանությունները կարողացան համախմբվել մի գաղափարի շուրջ: Իսկ ընդդիմությունը, ինչպես միշտ, դավաճանեց գաղափարին: - Վերջերս ուժային կառույցներում քննարկվել է ռեալ, իրական ընդդիմության հարցը և որոշում է ընդունվել դրանք պայթեցնել ներսից: Քարոզարշավի ընթացքում կերևա` ո՞վ է ծախվածը, ո՞վ է ռեալը: Հեռուստացույց միացրեք և միանգամից կտեսնեք, թե ո՞վ է պայմանավորված հայհոյում, ո՞վ է իսկապես իր ասելիքը ասում,- ասում է Ա. Կարապետյանը: Անկեղծ ասած, տողերիս հեղինակը հավանաբար պատկանում է անընդունակ ընտրողների դասին ու ինչքան էլ միացնում է հեռուստացույցը, այդպես էլ գլխի չի ընկնում, թե ո՞վ է «պայմանավորված հայհոյում, ո՞վ է իսկապես իր ասելիքն ասում»: Ուղղակի տեսնում եմ, որ բոլորը բոլորին հայհոյում են ու երդվում են իրենց հոր արևով, թե բոլորից ամենալավն իրենք են: Եվ թույլ տվեք նկատել, որ ես ամենևին ամենաանընդունակը չեմ: Այ, օրինակ, իմ հարևան շամշադինահայ ամուսիններ Գրիգոր պապն ու Քնար տատը երևի շաբաթը մեկ ինձ են հարցնում. - Ա°յ տա, մի ասա, թե մենք ո՞ւմ տի ընտրենք: Հերն անիծածներն էնքան շատ են, գլուխ հանում չենք: - Մի հայտարարություն եմ ուզում անել. խորհրդավոր ընթրիքի հեղինակը ես էի և բոլոր հրավիրյալներն, անխտիր բոլորը, մասնակցել են այդ ընթրիքին: Չի մասնակցել նա, ում չենք հրավիրել: Ընթրիքի արդյունքն այն է, որ մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմադիր դաշտի մի հատվածը չի դնի մյուսի դեմ ( -խմբ),- ներկայացնում է ՆԺԿ ղեկավարը: Տեղեկացնենք, որ խորհրդավոր ընթրիքի «հեղինակը» խոստացավ Մարտի 8-ի իր հեռուստաեթերի ժամանակ փաստերով, անուն-ազգանուններով ներկայացնել բոլոր կեղծ ընդդիմադիրներին` չխնայելով ոչ մեկին. - Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր կոչվածների մեջ կան նաև իշխանություններին ծախվածներ: Այնպիսիք, ովքեր ղեկավարվում են ուղիղ նախագահական ապարատից, Արմեն Գևորգյանի միջոցով: Ի դեպ, նրա հրահանգով հեռուստաընկերությունները սկսելու են աշխատել երկու այդպիսի կուսակցությունների վարկանիշը բարձրացնելու վրա: Ես այսօր անուններ չեմ տալիս, բայց դա չի նշանակում, որ մարտի 8-ին էլ չեմ ասի: